Saturday, July 10, 2010

Վախճանվել է իրանահայ անվանի գիտնական պրոֆեսոր Կարո Լուկասը

2010 հուլիս 8-ին, 59 տարեկան հասակում քաղցկեղից վախճանվել է ուշիմ համակարգեր (Intelligent Systems) ասպարեզի անվանի գիտնական պրոֆեսոր Կարո Լուկասը։ Կարո Լուկասը (Ղուկասյանը) ծնվել է 1951 թվականին Իրանի Իսֆահան քաղաքի Նոր Ջուղա հայկական թաղամասում եւ ավարտել է Թեհրանի ազգային Քուշեշ Մարիամյան դպրոցը, ապա 1973 թվականին Թեհրանի Համալսարանի ճարտարագիտական (տեխնիկական) ֆակուլտետից ստացել բարձրագույն կրթություն (MSc) էլեկտրոնիկայի եւ համակարգչային տեխնոլոգիայի բնագավառում։ 1976 թվականին ստացել է դոկտորական (PhD) կոչում աշխարհահռչակ Կալիֆորնիայի Բերքըլի համալսարանից: 1993-97 թվականներին եղել է Հիմնարար Գիտությունների Հետազոտական Կենտրոնի (IPM) տնօրենը, որը համարվում է Իրանի առաջնատար գիտական կազմակերպություններից: 1986-88 թվականներին ղեկավարել է Թեհրանի Համալսարանի Էլեկտրոնիկայի ճարտարագիտության ֆակուլտետը: Չափազանց մեծ է պրոֆեսոր Կարո Լուկասի ներդրումը Իրանի եւ միջազգային գիտական ասպարեզում։ Նա հեղինակել է ավելի քան 1200 գիտահետազոտական հոդվածներ, ներկայացրել է ավելի քան 200 դասախոսական ելոյթներ միջազգային գիտաժողովներում, մասնակցել է 20 միջազգային գիտական պարբերականների խմբագրական կազմում, եղել է շուրջ 100 միջազգային կոնֆերանսների կազմակերպչական հանձնախմբերում, եւ հեղինակն է 8 գրքերի եւ համահեղինակն է 39 գիտական խմբագրված հավաքածուների: Մեծ է նաեւ պրոֆեսոր Կարո Լուկասի մանկավարժական ավանդը: Նա շուրջ 30 տարի դասավանդել է Իրանի եւ միջազգային ճանաչված, այդ թվում Կալիֆորնիայի Բերքըլի, Կանադայի Տորոնտոյի, եւ Կալիֆորնիայի Յու Սի Էլ Էյ (UCLA) համալսարաններում: Պրոֆեսոր Կարո Լուկասը ղեկավարել է հազարավոր մագիստուրական ու դոկտորական ավարտաճառեր, եւ մեծ հարգանք է վայելում Իրանի ճարտարագիտական ուսանողների ու փորձագետների, ինչպես նաեւ պետական պատասխանատու անձանց մոտ: 2006 թվականին Կարո Լուկասը ճանաչվել է Իրանի ճարտարագիտական ասպարեզում Մնայուն Դեմքը (Eternal Figure) եւ պարգեւատրվել է Իրանի նախագահի կողմից: Պրոֆեսոր Կարո Լուկասին անվանում են Իրանի ռոբոտիկայի գիտության հայր: Պրոֆեսոր Կարո Լուկասը անդամակցել է 2007 թվականի ամռանը Կալիֆորնիայի Սան Ֆրանսիսկո քաղաքում տեղի ունեցած Տեխնոլոգիայի համահայկական վեհաժողովի (ArmTech 07) ծրագրող հանձնախմբում:

No comments:

Post a Comment