Monday, July 12, 2010

Ամբերին Զամանն Անկարային խորհուրդ է տալիս Գարեգին II–ին հրավիրել Սուրբ Խաչի պատարագին և նրա առջև բացել սահմանը

Tert.am. 12-7-2010- Հայտնի թուրք վերլուծաբան, «Էկոնոմիստ» և «Հաբերթուրք» պարբերականների հոդվածագիր Ամբերին Զամանը, որը, ի դեպ, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի կինն է, իր հերթական հոդվածաշարն է հրապարակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ: «Հայաստանի հետ մոռացված հարաբերություններ» խորագրով հոդվածաշարում Ամբերին Զամանը քննության է առնում հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցած վերջին զարգացումները և Հայաստանի հետ մերձեցման գործընթացը վերջնական սառեցումից փրկելու համար թուրքական իշխանություններին կոչ է անում ձեռնարկել որոշ քայլեր: Ամբերին Զամանը, վերահաստատելով իր այն տեսակետը, որ հենց Անկարայի որդեգրած գործելաոճի հետևանքով է արգելակվել հայ-թուրքական հարաբերությունների գործընթացն ու կյանքի չեն կոչվել ցյուրիխյան Արձանագրությունները, գրում է. «Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին շաղկապեց ղարաբաղյան նախապայմանը` տեղի տալով Ադրբեջանի ճնշումներին։ Իսկ սպասել, թե Հայաստանը հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների միակողմանի զիջումների պետք է գնա ղարաբաղյան հիմնախնդրի հարցում, նույնն է, թե սպասել, որ Թուրքիան հանուն ԵՄ անդամակցության պետք է միակողմանի զիջումների գնա Կիպրոսի հարցում (ինչպես, օրինակ, Մարաշի հանձնումը, կղզում զինվորների թիվը նվազեցնելը), ինչն իրական չէ»,- գրում է թուրք վերլուծաբանը։ «Ըստ էության` Թուրքիայի հետ դիվանագիտական և առևտրային հարաբերություններ չունեցող Հայաստանն անյքան էլ շատ բան չի կորցրել: Սակայն սահմանի բացման դեպքում Հայաստանի վիճակը փոխվելու է: Աղքատության և անկայունության տակ կքած երիտասարդ հանրապետությունում աճող բարեկեցության հետ մեկտեղ ավելի բարձր մակարդակի է հասնելու ժողովրդավարությունը: Իսկ նման պայմաններում երկրի ուշադրության կենտրոնում կհայտնվեն նրա իրական շահերը: Բացի այդ, ժողովրդին ավելի հեշտ կլինի բացատրել Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներից դուրս գալը»: Ամբերին Զամանը գրում է նաև, որ Թուրքիայում կայանալիք ընտրություններից շուտ հայ-թուրքական Արձանագրություններն Անկարայի օրակարգում չեն հայտնվելու: «Բացի այդ, Անկարան բազմիցս հայտարարել է, որ քանի դեռ հայկական ուժերը դուրս չեն եկել Ղարաբաղից և նրան հարակից տարածքներից, Արձանագրությունները չեն կարող վավերացվել խորհրդարանում: Այլ կերպ ասած` եթե մի կողմ թողնենք հասարակական ոլորտում իրականացվող ակտիվ և կարևոր ջանքերը, կարող ենք ասել` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը պաշտոնական մակարդակում փաստացիորեն սառեցված է: իսկ թուրքական մամուլում ժամանակ առ ժամանակ շրջանառվող այն տեղեկությունը, թե «Հայաստանի և Թուրքիայի միջև գաղտնի բանակցություններ են ընթանում», չի համապատասխանում իրականությանը»,- գրում է վերլուծաբանը` ներկայացնելով այն հնարավոր գինը, որ Թուրքիան վճարելու է այդ ամենի համար: «Առաջին` կարող է էապես մեծանալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հավանականությունը: Ըստ էության, Թուրքիայի` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ցանկության պատճառներից մեկն էլ այդ բանաձևը պատմության մեջ թաղելն է, քանի որ կա այն մտավախությունը, որ եթե բանաձևն ընդունվի, թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են շատ լուրջ վնասվել: Բացի այդ, որոշ թուրք դիվանագետների կարծիքով, եթե բանաձևն ընդունվի, օրակարգում է հայտնվելու սփյուռքահայության՝ 1915 թվականից առաջ արած ապահովագրության գումարների փոխհատուցման հարցը: Միլիարդավոր դոլարների հասնող այդ գումարների մի մասի փոխհատուցումը ստիպված է լինելու ստանձնել Թուրքիան: Նախ` եթե մենք Հայաստանի հետ փորձելու ենք հարաբերություններ հաստատել դրա իրականացումը խոչընդոտելու նպատակով, և եթե պատմաբանների համատեղ հանձնաժողով ենք ստեղծելու՝ փորձելով հայերին ապացուցել, թե «Ցեղասպանություն չի եղել», ապա այդ նախաձեռնությունը մեռելածին է։ Ցեղասպանությունը հայերի համար քննարկման առարկա չէ: Ինչքան էլ մենք հանձնաժողովներ հիմնենք, ինչքան էլ հակառակն ապացուցող հրապարակումներ պատվիրենք, մեկ է` դա այդպես է»,- գրում է Ամբերին Զամանը։ «Երկրորդ` երբ Միացյալ Նահանգների քաղաքացիներ հանդիսացող հայերը թեկնածուներին ձայն տալու համար նրանց առջև դնում են Ցեղասպանության ճանաչման պահանջ, ինչպե՞ս է դա անդրադառնում մեզ վրա: Այո, այդ ներկայացուցիների մեծ մասը Հայաստանի կամ Թուրքիայի տեղն անգամ չգիտի: Հանուն քվեների՝ պատմության մասին դատողություններ են անում: Շատ նողկալի է: Սակայն այդ բանաձևը որևէ պարտավորեցնող ուժ չունի: Թուրքիայի նախկին արտգործնախարարներից Իլթեր Թյուրքմենը մի հարցազրույցի ժամանակ հայտարարել էր. «Իրականում (բանաձև) ընդունվել է, իսկ մենք դա չենք էլ զգացել: 1984թ. ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը որոշում էր ընդունել: Այսինքն` այն ամենը, ինչ ասվելու է այսօր ընդունվելիք բանաձևում, ասվում էր 1984թ. որոշման մեջ: Դրանում հայերի հետ կապված դեպքերը որակվում էին որպես «Գենոցիդ»: Այդ ժամանակ մենք ոչինչ էլ չզգացինք»: Իսկ եթե այսօր ընդունվի, ի՞նչ կլինի: Դա լիովին կախված է իշխանությունների և մամուլի որդեգրելիք գործելաոճից: Մեր ձեռքում է այդ ամենը չուռճացնելու հնարավորությունը: Մենք ի վերջո պետք է ազատվենք ամեն տարի կրկնվող այդ շանտաժից»,- գրում է թուրք վերլուծաբանը` ներկայացնելով մի քանի հնարավոր տարբերակներ, որոնք կիրառելու դեպքում Անկարան կարողանալու է փրկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջնական սառեցումից: «Տարածաշրջանում մեծանում է անկայունությունն ու պատերազմի վերսկսման հավանականությունը: Այսինքն` առաջնորդներն ինչքան էլ հակառակը պնդեն, ստատուս քվոն աշխատում է ի վնաս Ադրբեջանի: Բարի, Անկարան, ով հայտարարում է, թե ընտրությունների նախաշեմին Արձանագրությունները խորհրդարանում չեն կարող վավերացվել, ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել: Խնդրեմ` որոշ քայլեր, որոնք կարող են նպաստել վստահության աճին. 1. Հայաստանից գնել էլեկտրաէներգիա: Այս համաձայնագիրը որևէ կերպ կյանքի չի կոչվում հենց Թուրքիայի պատճառով: 2. Շահագործել Կարս-Գյումրի երկաթգիծը։ 3. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հրավիրել Թուրքիա` սեպտեմբերին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի արարողությանը և նրա առջև բացել սահմանադուռը: 4. Երկու երկրներում էլ բացել առևտրային գրասենյակներ: 5. Պարզեցնել այցագրային ռեժիմը Անիի ավերակներ և շրջակա վայրեր այցելող զբոսաշրջիկների համար: Իսկ այս ամենի դիմաց ի՞նչ կարող է անել Հայաստանը. 1. Խնդրի կարգավորման դեպքում ամենաբարձր մակարդակով դարձյալ կհայտարարվի Ղարաբաղից և շրջակա տարածքներից դուրս գալու մասին: 2. Նույն կերպ կհայտարարվի Թուրքիայի հետ գոյություն ունեցող սահմանները ճանաչելու մասին: 3. Կարող է բացվել Թուրքիան Նախիջևանի տարածքով Ադրբեջանին կապող երկաթգիծը»,- եզրափակում է վերլուծաբան Ամբերին Զամանը:

No comments:

Post a Comment