Monday, September 6, 2010

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է 143 ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) անցած շաբաթ հանդիպում ունեցավ բանաձևի հովանավոր, կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:
Հարավային Կալիֆորնիայի տարածաշրջանային խորհրդի (Southern California Regional Council - SCRS) անդամներ Պիտեր Քեզիրյանը, Մարգարետ Մգրուբլյանը և Համագումարի Արևմտյան տարածաշրջանային գրասենյակից Ալին Մաքսուդյանը շնորհակալություն հայտնեցին կոնգրեսական Ադամ Շիֆին Հայոց Ցեղասպանության բանաձևի հաստատման հարցում իր առաջատար գործունեության համար և քննարկեցին նրա հետ բանաձևի քվեարկության հնարավոր զարգացումները կոնգրեսի աշխատանքների վերսկսումից հետո:
Կոնգրեսական Ադամ Շիֆը կիսում էր բանաձևի հաստատմանը հասնելու Համագումարի ձգտումները և հույս էր հայտնում, որ կոնգրեսը չի հետաձգի քվեարկությունը: Նա քաջալերեց Համագումարին շարունակել իր գործունեությունը և ընդլայնել բանաձևին աջակցողների շրջանակը:
Ցեղասպանության փաստի ժխտման հետևանքները առկա են մինչ օրս,- նշեց SCRC-ի անդամ Մարգարետ Մբգրուբլայնը:- Հարկավոր է, որ մենք և բոլոր նրանք, ովքեր կարևորում են մարդու իրավունքները և ցեղասպանությունների կանխարգելումը, միավորվենք և ապահովենք Հայոց Ցեղասպանության 252-րդ բանաձևի ընդունումը,- շարունակեց Մգրուբլյանը:
Հայոց Ցեղասպանության 252-րդ բանաձևին աջակցում են կոնգրեսի 143 անդամներ: Այն հաստատվել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի կողմից նախագահող Հովարդ Բերմանի ղեկավարության ներքո: Օրենսդրական հաջորդ քայլն է քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Միաժամանակ սենատում 316-րդ բանաձևը, որի հեղինակներն են սենատորներ Ռոբերտ Մենենդեզը և Ջոն Էնսինը, սպասում է իր հերթին սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում (նախագահող` սենատոր Ջոն Քերի) քվեարկության դրվելու համար:

No comments:

Post a Comment