Tuesday, September 7, 2010

ՀԱՅ ՀԱՆԴԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՊԱՏՎԱՎՈՐ 2-ՐԴ ՏԵՂՈՒՄ

ՀՀ վարչապետի գավաթը նվաճեց Բելառուսի հավաքականը

«ԱԶԳ , 07-09-2010- Վանաձորում ավարտվեց ՀՀ վարչապետի գավաթի հանդբոլի միջազգային 2-րդ մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Իրանի եւ Վրաստանի հավաքականները:
Հայաստանի հավաքականն առաջին խաղում բելառուսներին պարտվելուց հետո մեծ վերելքով անցկացրեց հաջորդ երկու հանդիպումներն ու արժանի հաղթանակ տոնեց: Ֆրանսահայ հանդբոլիստներով համալրված մեր հավաքականը 2-րդ խաղում համառ պայքարում կարողացավ պարտության մատնել Իրանի ընտրանուն (28-27): Ողջ հանդիպման ժամանակ հայ հանդբոլիստները գրեթե մշտապես հաշվի մեջ առջեւում էին: Սակայն 2-րդ խաղակեսի վերջնամասում իրանցիներին հաջողվեց առաջ անցնել (23-22): Բայց շուտով Ստեփան Ղազարյանը եւ Գիյոմ Կարմիրյանը 2 անգամ գրավեցին հյուրերի դարպասը ու կրկին հաշվի մեջ առաջ անցավ մեր ընտրանին: Նշված երկու հանդբոլիստները մեր թիմում ամենաարդյունավետն էին: Կարմիրյանը 8 գոլ խփեց, Ղազարյանն իր օգտին 7 գնդակ գրանցեց: Աչքի ընկան նաեւ Հրայր Սալաթյանը (5գոլ), Սիրիլ Հայրափյանը (3), Սեդրիկ Ռենեն (2), Մարկ Հասիկյանը (2) եւ Սիրիլ Բաբիկյանը (1):

Վերջին խաղում հայ հանդբոլիստները 28-25 հաշվով հաղթելով վրացիներին, գրավեցին 2-րդ տեղը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց եւ ՀՀ վարչապետի գավաթին արժանացավ Բելառուսի հավաքականը, որը պարտության մատնեց իր բոլոր մրցակիցներին: Մեկնարկում Հայաստանի հավաքականին 37-20 հաշվով հաղթելուց հետո, բելառուսները պարտության մատնեցին նաեւ Վրաստանի (36-21) եւ Իրանի (32-24) հավաքականներին:

Մրցաշարի ավարտական օրը Երեւան ժամանեց հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆան: Պատվավոր հյուրին ընդունեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանըՙ քննարկելով մարզաձեւը հանրապետությունում զարգացնելու հեռանկարները: Նրանք ներկա գտնվեցին Վանաձորի մրցաշարի ավարտական հանդիպումներին, մասնակցեցին փակման արարողությանը, որի ժամանակ տեղի ունեցավ մասնակիցների պարգեւատրությունը:

Հատուկ մրցանակներ ստացան խաղային տարբեր օղակների լավագույն խաղացողներ, բելառուս հանդբոլիստներ Մաքսիմ Բարանեւը (աջ անկյուն), Դմիտրի Չիստոբաեւը (աջ կիսամիջին), Մաքսիմ Կորշակեւիչը (ձախ անկյուն), ՀՀ հավաքականի խաղացողներ Հրայր Սալաթյանը (ձախ կիսամիջին), Ռեմի Ստամբուլյանը (դարպասապահ), վրացիներ Իլյա Գոգոլաձեն (կենտրոն) եւ Շոթա Գրիշիկաշվիլին (առջեւի գիծ): Մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց իրանցի Մասուդ Զոհրաբին, որը 41 գոլ խփեց: Ամենաերիտասարդ լավագույն խաղացողի մրցանակը հանձնվեց վանաձորցի Ստեփան Ղազարյանին:

No comments:

Post a Comment