Saturday, September 4, 2010

ԱՆԱԿՆԿԱԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ

Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե սեպտեմբերի 17-ի հանրահավաքում Լեւոն տեր-Պետրոսյանի ելույթը անակնկալ է լինելու, եւ պայքարն էլ ընդունելու է նոր ընթացք: Ինչ նոր բան է պարունակելու Տեր-Պետրոսյանի ելույթը եւ ինչպես կարող է այն փոխել ընդդիմադիր պայքարի ընթացքը: Իհարկե, չարժե կանխագուշակել ելույթի բովանդակությունը, սակայն կարելի է ենթադրություններ անել , թե ընդդիմադիր պայքարի ինչ նոր պլատֆորմ է առաջարկվելու: Չէ որ չի կարող Լեւոն Զուրաբյանը անակնկալ անվանել հին պլատֆորմի մոդիֆիկացիան: Այն, ի դեպ, հենվում է այն բանին, թե Հայաստանի ներքին գործընթացները կապված են տարածաշրջանում աշխարհքաղաքական միտումներին, եւ արմատական փոփոխություններն առանց միջազգային միջավայրի կտրուկ փոփոխության հնարավոր չեն: Նման պնդման իրատեսությունը դժվար է կասկածի ենթարկել, եթե չկա փոփոխությունների “արմատական կամք”: Եւ քանի որ այդ կամքն առայժմ չի երեւում, ստիպված ենք գուշակել, թե ընդդիմությունն ինչ նոր բան է առաջարկելու: Առաջին հերթին, հնարավոր է որոշում ընդունվի փոխելու պայքարի մեթոդները, ասենք, անցնել անժամկետ հանրահավաքների, բողոքի ավելի ակտիվ ակցիաների, մասնավորապես քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում: Հնարավոր է, միջազգային կառույցների ներգրավմամբ: Չի բացառվում, որ Կոնգրեսն “անհատականացնի” պայքարը` իշխանության հասցեին ընդհանուր մեղադրանքների փոխարեն դատի տա չինովնիկներին, ովքեր պատասխանատու են այս կամ այն ոլորտի համար: Ասենք, նույն Էդվարդ Նալբանդյանին, ում մեղադրում են պետական արտաքին քաղաքականության տապալման մեջ: Թեեւ դժվար թե Քրեական օրենսգրքում նման հոդված գտնվի: Ավելի իրական է թվում բովանդակային առանցքի փոփոխությունը, որի շուրջ կտարվի պայքարը: Ներքին կտրվածքով դա կարող է լինել քաղաքացիական նախաձեռնություններին առավել ակտիվ մասնակցությունը, որոնց վերջին շրջանում ավելի ու ավելի շատ մարդ է ներգրավվում: Քաղաքացիական այս նախաձեռնություններն արդեն տալիս են արդյունք` արդեն մի քիչ բացվել է քողն իրավապահ ոլորտի վրայից, հասարակության ճնշման տակ որոշ աղմկոտ գործերի նախնական վարկածները փլուզվել են, բավական արդյունավետ են աշխատում բնապահպանական շարժումները, արդյունք է տալիս այլալեզու դպրոցների դեմ պայքարը: Ակնհայտ է, որ քաղաքացիական շարժումները փլուզում են պատը, որով իշխանությունը սահմանազատվել է հասարակությունից, եւ արդեն այդքան էլ անխոցելի չեն թվում ամենասարսափելի “հերոսները”: Շատ երկրներում ակտիվ քաղաքական շարժումներն առաջացել են հենց քաղաքացիական նախաձեռնությունների հիման վրա: Ավելին, քաղաքացիական իրավունքների պաշտպանության բազայի վրա քաղաքական ուժի ձեւավորումը թերեւս ամենաառողջ միջոցն է: Երկրորդ կարեւոր հարցը, որ կարող է դառնալ համազգային ընդդիմադիր շարժման առանցքը, Ռուսաստանի կողմից գաղութացման եւ ինքնիշխանության կորստին դիմադրությունն է: Չնայած նրան, որ Հայաստանի քաղաքական ուժերի հիմնական մասը պաշտպանել է հայ-ռուսական ռազմաքաղաքական կապերի ամրապնդումը, գործնականում բոլորը վերապահում են արել, որ համագործակցությունը պետք է լինի իրավահավասար, ոչ թե վասալային: Հայ ազգային կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ բավական բացահայտ արտահայտվել են ընդդեմ Հայաստանը գաղութացնելու Ռուսաստանի ու հայկական իշխանության փորձերի: Լինելով Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերության կողմնակից, Լեւոն Տեր-պետրոսյանը կարող է կոչ անել միավորվել` ի պաշտպանություն երկրի ինքնիշխանության եւ զարգացման այլընտրանքային, ոչ ռուսական ճանապարհի: Իհարկե, անակնկալ կարող է լինել լիովին այլ բան, սակայն ակնհայտ է, որ կոնգրեսը պետք է գտնի պլատֆորմ, որ առնչվում է բոլորին: Եթե, իհարկե, Կոնգրեսը տրամադրված է իսկական պայքարի: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments:

Post a Comment