Saturday, September 18, 2010

Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման վերջնական որոշումը պատկանում է Ղարաբաղի ժողովրդին

Diplomat.am. 18-9-2010- Հարավկովկասյան տարածաշրջանում առկա լարված միջպետական զարգացումները այլևս չեն կարող Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը շեղել բնականոն հունից: Հարևան Թուրքիան փորձ էր անում «չեզոք» միջնորդի դեր կատարել բանակցային գործընթացում, սակայն նման հնարավոր զարգացումներին վերջ դրվեց Ռուսաստանի հետ կնքված ռազմական համագործակցության պայմանագրով:
Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի կարծիքով` այսօր Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում գործընթացին: Սա թեկուզ անընդունելի է, սակայն, հաշվի առնելով ներկայիս զարգացումները, ամեն ինչ դասավորվում է հօգուտ Ղարաբաղի: Այնուհանդերձ, բանախոսը կարծում է` Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման վերջնական որոշումը պատկանում է Ղարաբաղի ժողովրդին: Կնքված հայ-ռուսական ռազմական համաձայնագիրն իսկական խուճապ է առաջացրել Վրաստանի իշխանությունների շրջանակում: Ռազմական հավակնություններից դրդված, Սահակաշվիլին նույնիսկ նման համագործակցության առաջարկ է արել Ադրբեջանին:
Քաղաքագետի կարծիքով, սակայն, Վրաստանի նախագահի այս հայտարարությունը անիմաստ հռետորաբանության շարքից է: Վրաստանի տարածքում այսօր բնակվում է մոտ 500 հազար ազերի, ինչը իսկական վտանգ է վրացական պետականության համար:
Արևմուտքը տարածաշրջանի կյանքում իր բացասական դերն ունեցավ նաև տնտեսական հավակնոտ Նաբուկո ծրագրով, որը պայթեց փուչիկի պես, չսնվելով իրանական գազից: Այսօր նույն Արևմուտքը, Իրաքում պահելով խաղաղապահ ստորաբաժանումներ, աչքն արդեն դրել է այս երկրի կապույտ վառելիքի վրա, իսկ սա արդեն, բանախոսի կարծիքով, բավարար նախապայման է Թուրքիայում նոր պետության, Իրաքյան քուրդստանի առաջացման համար, ինչը սպառնում է Թուրքիայի շահերին:

No comments:

Post a Comment