Monday, September 6, 2010

Երուսաղեմի հայությունը բողոքի ակցիա է անցկացրել` ընդդեմ քաղաքապետարանի որոշման

News.am. 6-9-2010- Երուսաղեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հետագա ճակատագրի շուրջ արդեն 7 տարի տեւող հակամարտությունը նոր զարգացումներ է ստանում: Հիմնական հակամարտող կողմերը Երուսաղեմի քաղաքապետարանն է, գերմանական թաղամասի հրեա բնակիչներն ու Հայոց պատրիարքարանը:
Բանն այն է, որ քաղաքապետարանի որոշմամբ, եկեղեցուն կից կառուցվելու է բարձրահարկ հյուրանոցային համալիր, որի հետեւանքով հայկական եկեղեցին հայտնվելու է հյուրանոցային համալիրի բակում: Բացի այդ, ըստ այդ որոշման, հայկական եկեղեցին տրամադրվելու է հրեա բնակիչներին՝ որպես համայնքային կենտրոն։

Քաղաքապետարանի որոշումը միանշանակ չի ընդունվել ինչպես Հայոց պատրիարքարանի, այնպես էլ հայ համայնքի բնակիչների կողմից։ Կիրակի օրը` սեպտեմբերի 5-ի երեկոյան համայնքի եւ Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչների գլխավորությամբ շուրջ 300 քաղաքացի՝ 250 հրեա եւ 50 հայ, հավաքվել էր եկեղեցու բակում՝ քաղաքապետարանի որոշման դեմ ստորագրահավաք անցկացնելու նպատակով։

«Այս հավաքը շատ կարեւոր է։ Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին, սպասվում է էլ ավելի կարեւոր բողոքի ակցիա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ՝ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։ «Այդ օրը վերջնական որոշում պետք է կայացվի հյուրանոցի կառուցման վերաբերյալ։ Անշուշտ, այդ ժամանակ նաեւ կորոշվի մեր եկեղեցու ապագա ստատուսը», - նշել է վարդապետը։

Եթե բողոքի ակցիաները արդյունք չտան Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը չի բացառում դատական կարգով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին համայնքային կենտրոն դարձնելու որոշումը բողոքարկելու տարբերակը։

No comments:

Post a Comment