Tuesday, September 21, 2010

Տիգրան Խզմալյան. Քայլ առ քայլ կորցնում ենք մեր քաղաքացիական ազատությունները եւ մեր անկախությունը

Անցած 19 տարիներին Հայաստանը ե՛ւ ձեռքբերումներ, ե՛ւ կորուստներ է ունեցել, սակայն ամենակարեւորն այն է, որ նույն այդ տարիներին անկախությունն այդպես էլ չի կայացել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ խոսելով անկախության 19 տարիների Հայաստանի հաջողությունների եւ կորուստների մասին։
Նրա խոսքով, «մեր երկիրը գտնվում է ճիշտ այն վիճակում, ինչ վիճակում որ գտնվում են, ասենք, բանակ գնացող երեխաները՝ անապահովության, դրսից եւ ներսից եղած անվստահության զգացումով, որը վերեւից ներքեւ ճղում է մեր հասարակությունը»։ «Սա է մեր այսօրվա պատկերը, քայլ առ քայլ կորցնում ենք մեր քաղաքացիական ազատությունները եւ մեր անկախությունը»,- նշեց Խզմալյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ ի դեմս «Սարդարապատ» նախաձեռնող խմբի՝ հասարակության մեջ կգտնվեն «ազատագրվելուն ու անկախանալուն նպաստող ուժեր»։
«Ես իմ կինոռեժիսորի աշխատանքով կփորձեմ անել ինձանից կախված ամեն բան, որպեսզի կայանա մեր ներքին անկախությունը, առանց որի գոյություն չի կարող ունենալ արտաքին անկախություն։ Ինչ վերաբերում է հաջողություններին, ապա անցած 19 տարիներին ունեցած ձեռքբերումների իմաստով, ցավոք, շատ բան ասել չեմ կարող։ Ընդամենը 2 մլն ազգաբնակչություն ունենալու դժբախտությունը աղետ է, ողբերգական իրավիճակ, եւ այդ ֆոնի վրա կեղծավոր կլինի խոսել ձեռքբերումների մասին»,-ամփոփեց կինոռեժիսորը։
Երգահան Ռուբեն Հախվերդյանն էլ, նշելով, որ ինքը քաղաքական գործիչ չէ եւ անկախության տարիների կորուստների ու ձեռքբերումների մասին չի կարող դատել իբրեւ քաղաքան գործիչ, այնուամենայնիվ նշեց, որ իր համար ամենամեծ կորուստն այս ընթացքում եղել է ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի մահը։ «Ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում եւ դժվար կարողանամ անկախության 19 տարիների մասին համապարփակ որեւէ բան ասել։ Ես մի տեսակ ամեն ինչ ամփոփել եմ 60 տարիներիս մեջ։ Ես այս տարի 60 տարեկան եմ դառնում. արդեն ամփոփված մարդ եմ»,-նշեց նա։
Դերասան Երվանդ Մանարյանն էլ ասաց, որ անկախության 19 տարիներին Հայաստանն ունեցել է ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ կորուստներ։ «Ե՛վ ձեռքբերումներն են մեծ ու նշանակալից եղել, ե՛ւ կորուստները՝ ցավալի։ Երկիր կերտելը դժվար գործ է, սակայն եթե սիրում ենք Հայաստանը, պետք է պատրաստ լինենք ամեն բանի, պետք է անենք ամեն բան, որպեսզի գալիք սերունդները բարի հիշեն մեզ։ Եվ ի վերջո, հաստատ է մի բան. եթե մեկ միլիոն կորուստ ենք ունեցել եւ մեկ ձեռքբերում, այդ մեկ ձեռքբերումն է կարեւոր»,- ամփոփեց Մանարյանը։

No comments:

Post a Comment