Wednesday, September 22, 2010

ԹՈՒՐՔ ԳՐՈՂ ԴՈՂԱՆ ԱՔՀԱՆԼԻԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿԵԼ

«ԱԶԳ», 22-09-2010- «Ահեղ դատաստանի դատավորը» ստեղծագործության հեղինակ Դողան Աքհանլիի անունը օգոստոսի կեսից դատավոր, դատաստան բառերի հետ է շրջանառվում: Գերմանական ռադիոն, տպագիր եւ էլեկտրոնային բազմաթիվ լրատվամիջոցներ հակիրճ անդրադառնալով 2001-ից Քյոլնում բնակվող ու Գերմանիայի քաղաքացիություն ունեցող գրողիՙ Ստամբուլի օդանավակայանում ձերբակալությանը, շեշտում են, թե գրողին «պատժում են» հատկապես իր «Ահեղ դատաստանի դատավորը» վեպում Հայոց ցեղասպանությանն անդրադառնալու համար: Աքհանլին օգոստոսի 10-ին առաջին անգամ այցելում է Ստամբուլՙ տեսակցելու հիվանդ հորը, նրան հենց օդանավակայանում ձերբակալում են: Օգոստոսի 20-ից Ստամբուլից արեւմուտք Թեքիրդաղ մարզի մեկուսարանում գտնվող Աքհանլիին մեղադրում են 1989-ի հոկտեմբերին մահվան ելքով զինված ավազակային մի հարձակման մասնակցության մեջ: Թուրքիայում, ինչպես նաեւ Գերմանիայում գնահատանքի արժանացած գրողը հերքում է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները: Դատարանը մերժում է Աքհանլիի ազատ արձակումը, բայց չի էլ որոշել, թե նրա դեմ դատավարություն է սկսելու: Դատախազությունը պահանջում է ցմահ ազատազրկում: Ի պաշտպանություն Աքհանլիի ազատ արձակման Գերմանիայում բողոքի ակցիաներ են կազմակերպվում: Թուրք գրողի ընկեր, գերմանացի հայտնի լրագրող Գյունտեր Վալլրաֆֆը քննադատել է. «Թուրքիայի արդարադատության որոշ շրջանակներ վրեժ են լուծում մի անհաճո հեղինակից, որ տարիներ առաջ Հայոց ցեղասպանությունը թեմա է դարձրել»: Վալլրաֆֆը հիմնվում է նաեւ գրողի շահերի պաշտպանի դիտարկմանը, թե վկան հետ է վերցրել ցուցմունքը: «Այս սցենարը ոստիկանությունն է հեղինակել», ասել է փաստաբան Հայդար Էրոլը: Ըստ փաստաբանի, դատախազությունը հեգնել է վկայի ցուցմունքները: Recherche International կազմակերպությունը, որին աշխատակցում է Աքհանլին, իր քննադատությունն ուղղում է Գերմանիայի դաշնային կառավարությանըՙ իր պահանջն այսպես ձեւակերպելովՙ «Կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում իր քաղաքացուն ազատելու համար»:
Գերմանացի իրավապաշտպաններ, գերմանահայ ամենատարբեր կազմակերպություններ, ինչպես նաեւ Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը, բողոքի նամակներ են հղել թուրքական իշխանություններին, մասնավորապես արդարադատության նախարարինՙ Դողան Աքհանլիին ազատ արձակելու խնդրանքով: Հոկտեմբերի 2-ին, ժամը 14.30-16.30-ին Բեռլինում գործունեություն ծավալող ցեղասպանության ճանաչման հանձնախումբը կոչ է անում համախմբվել ու հսկում անցկացնել ԳԴՀ մայրաքաղաքի Ալեքսանդրպլացումՙ «Ազատություն Դողան Աքհանլիին» պաստառներով:
Դողան Աքհանլին ծնվել է 1957-ին: 1980-ի ռազմական պուտչից հետո հայտնվել է ընդհատակում: 1985-87-ին նա Ստամբուլում ձերբակալվել է որպես քաղբանտարկյալ եւ կտտանքների ենթարկվել: 1991-ին փախել է Գերմանիա, ճանաչվել որպես քաղաքական ապաստանյալ, դուրս է եկել Թուրքիայի քաղաքացիությունից, դարձել գերմանահպատակ: 1992-ից ապրում է Քյոլնում: Աքհանլին իր վեպերում, հարցազրույցներում միշտ խոսում է պատմական բռնարարքների եւ մարդու իրավունքների պաշտպանությունից: Աքհանլիիՙ «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» հիմնադրամի կողմից խրախուսվող քաղաքացիական նախաձեռնության մեջ կարեւորագույնը հայերի ցեղասպանության հիշատակումն է եւ հաշտեցմանն ուղղված միջմշակութային երկխոսությունը:
Աքհանլիի վեպերը Թուրքիայում լավագույնների շարքում են նկատվել: 2005-ին հեղինակած «Տիրամոր վերջին երազը» վեպն արժանացել է «Հյուրիեթի» 2009-ի մրցանակին: Վեպը պատմում է 1942-ին 700 հրեա ուղեւորներով Սեւ ծովում խորտակված «Շտուրմա» նավի մասին: Գիրքը 2005-ին թուրք քննադատների եւ գրողների կարծիքով դասվել է 10 լավագույն վեպերի շարքին: 1998-99-ին թուրքերեն լույս է տեսել «Անհետացած ծովերը» ընդհանուր վերնագրով եռագրությունը, որ իր մեջ ներառում է «Ծովին սպասելով» «Կակաչների դաշտը», «Ահեղ դատաստանի դատավորը» ստեղծագործությունները:
Դողան Աքհանլին ակտիվորեն մասնակցում էր Քյոլնի հայ համայնքի կազմակերպած ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներին: Նա եղել է Երեւանում, հանդիպել հայ լրագրողների հետ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

No comments:

Post a Comment