Wednesday, September 22, 2010

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԱՎԵԼԻ ԿԿՈՇՏԱՆԱ

«ԱԶԳ», 22-09-2010- Թուրքալեզու երկրների ստամբուլյան գագաթաժողովում թուրք-ադրբեջանական համագործակցության բարձրագույն խորհուրդ ստեղծելու առնչությամբ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ Ազգային Ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը խորհրդանշական է համարել թուրք-ադրբեջանական տանդեմի տվյալ նախաձեռնությունը: Ուղիղ 92 տարի առաջՙ 1918թ. սեպտեմբերի 15-ին, թուրքական էքսպեդիցիոն կորպուսը Կովկասի իսլամական բանակի անվան տակ օկուպացրել էր Բաքուն եւ դաժան հաշվեհարդար տեսել տեղի հայ բնակչության նկատմամբ: Այդ ագրեսիան մի սլաքով ուղղված էր նաեւ Արցախի ժողովրդի դեմ, սակայն Ղարաբաղի հայերի ինքնակազմակերպման շնորհիվ կանխվել է արցախահայերի զանգվածային կոտորածը: Թուրքական էքսպեդիցիոն ուժերի կողմից, այդուհանդերձ, 1920-ի մարտի 23-ին հայկական Շուշին հրի ու սրի էր մատնվել:
Պատգամավորի համոզմամբ, ստամբուլյան գագաթաժողովն իր հիմնական նպատակադրության մեջ ձախողվել է, քանզի մասնակից թուրքախոս երկրները միջոցառման ավարտից հետո հանդես չեն եկել համատեղ հայտարարությամբ, իսկ հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցել են միայն Թուրքիան եւ Ադրբեջանը:
Ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ափսոսանք հայտնելը, ըստ որի «պատմական անարդարություն է տեղի ունեցել` Սյունիքը Հայաստանի տիրապետությանը հանձնելով», վկայում է հարեւան երկրի պանթուրքիստական հավակնությունների մասին: Թուրքիայի ջանքերը` ներգրավվել ղարաբաղյան կարգավորման բանակցություններում, անընդունելի են Ղարաբաղի քաղաքական ուժերի կողմից, շեշտեց Վ. Աթանեսյանը: Իսկ ստամբուլյան գագաթաժողովն ուղղված է հենց Հայաստանի ու ԼՂՀ-ի դեմ, եւ երկու հայկական պետությունները խնդիր ունեն լրջորեն ուսումնասիրել մարտահրավերներն ու համարժեք քայլեր ձեռնարկել:
«Թուրք-ադրբեջանական համագործակցության բարձրագույն խորհրդի ձեւավորումը կասկածի տակ է դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության արդյունավետությունը, քանզի Ադրբեջանի դիրքորոշումը հավանաբար ավելի կկոշտանա», կարծիք հայտնեց Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
Լրագրողների խնդրանքով Վահրամ Աթանեսյանն անդրադարձավ նաեւ հաճախակի դարձած սահմանային միջադեպերին: Ադրբեջանն ուզում է ներշնչել, որ պատերազմն անխուսափելի է, մինչդեռ մենք գտնում ենք, որ խաղաղ լուծման պատուհան դեռեւս կա: Ու եթե Ադրբեջանը փորձում է փակել այդ պատուհանը, ապա նա իր վրա է վերցնում հնարավոր հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը:
Սահմանում տեղի ունեցող դիվերսիոն բնույթի գործողությունները Ադրբեջանի կողմից պարզապես սեփական ուժերի փորձարկման նպատակ ունեն: Այն փաստը, որ այդ դիվերսիաներով ադրբեջանցիներին չի հաջողվում դիրքային առաջխաղացում ապահովել, նշանակում է, որ ուժերի հավասարակշռությունը պահպանվում է, նշեց Աժ պատգամավորը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

No comments:

Post a Comment