Monday, September 20, 2010

Հայ լրագրողները, որպես բողոքի նոտա, պատարագը սկսելուն պես փայտե խաչեր են բարձրացրել

Panorama.am. 19-9-2010- Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում արդեն սկսվել է պատարագը: Այն մատուցվում է Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ձեռամբ: Պատարագը սկսվելուն պես հայ լրագրողները, որպես բողոքի նոտա, որ հայկական եկեղեցու գմբեթին թուրքական իշխանությունների ցանկությամբ խաչ չտեղադրվեց, փայտե խաչեր են բարձրացրել, ինչը մեծ իրարանցում է առաջացրել Վանում գտնվող միջազգային լրատվամիջոցների շրջանում: Լրագրղոները իրենց ակցիան իրականացնելիս, որևէ խոչընդոտի չեն հանդիպել: Այս մասին հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը Աղթամար կղզուց:

Եկեղեցու ներսում սահմանափակվել է որոշ լրագրողների աշխատանքներ. նրանց չեն թողնել նկարահանումներ անել:
Ամեն ինչ վերահսկվում է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Եկեղեցու բակում մեծ թիվ են կազմում զբոսաշրջիկները: Նրանք հնարավորություն ունեն լսել պատարագը դրսում տեղադրված մոնիտորի միջոցով: Եկեղեցում տեղը սահմանափակ է, քիչ մարդկանց են թույլ տալիս մտնել ներս:

Սուրբ Խաչ են եկել նաև կրոնափոխ հայեր: Նրանցից մեկը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը եկել է որպեսզի կապ հաստատի իր արմատների հետ: Մշեցի մի կրոնափոխ հայ էլ անվճար խաղող է բաժանել:


Թուրքական մամուլը սփյուռքին է մեղադրում Վան ժամանելիք հայերի թվի նվազեցման համար
Panorama.am. 19-9-2010- Շուրջ երկու ամիս է, ինչ Վանի նահանգապետարանը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում սեպտմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի կապակցությամբ: «Van Times Gazetesi» պարբերականը նույնիսկ քարոզարշավ սկսեց` կոչ անելով Աղթամար ժամանելիք հայերին տներ վարձակալել Վանում, քանի որ հյուրանոցների համարները կարող է չբավականացնեն: Ինչպես հաղորդում է թուրքական «Թաքվիմ» (Takvim) լրատվամիջոցը, իշխանությունների ակնկալմամբ Վան պետք է ժամանեին շուրջ 3.500 զբոսաշրջիկներ:
«Բայց հայկական սփյուռքի կազմակերպած հակադիր քարոզչությունը հանգեցրեց հյուրընկալվողների թվի նվազեցմանը: Այժմ իշխանությունները հայտարարել են, որ կրոնական արարողությանը մասնակիցների թիվը կազմում է մոտ 2.000»:
Հիշեցնենք, որ հայ ուխտավորների թիվը նվազեց թուրքական իշխանությունների` հայերի կրոնական զգացումների նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքի պատճառով, երբ հայտարարվեց, որ 110 կիլոգրամանոց խաչը տեխնիկական պատճառներով հնարավոր չի լինի տեղադրել գմբեթին և պատարագը պետք է մատուցվի խաչազուրկ գմբեթով եկեղեցում:

No comments:

Post a Comment