«Tert.am», 04.09.10: Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում տեղի ունենալիք պատարագը Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համարում է շոու, որը թուրքական իշխանությունները կազմակերպել են ճշմարտությունը կեղծելու նպատակով։ «Կապիտալի» հետ զրույցում թուրքագետը կարծիք է հայտնում` չարժե, որ հայերը մասնակցեն այդ շոուին: -Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում տեղի է ունենալու պատարագ։ Բավական ժամանակ է` քննարկվում է պատարագին մասնակցել-չմասնակցելու հարցը։ Ձեր կարծիքով՝ Հայաստանի համար ո՞ր տարբերակն է առավել շահեկան։ -Ես կարծում եմ, որ չարժե գնալ։ Նախ՝ որովհետև Թուրքիան շարունակում է ուրանալ Ցեղասպանությունը, շարունակում է կեղծել ճշմարտությունը՝ հրաժարվելով ճանաչել պատմական իրականությունը։ Երկրորդ՝ Թուրքիայի տարածքում կան հազարավոր հայկական հուշարձաններ, որոնք անմխիթար վիճակում են, ավելին՝ հազարավորները ոչնչացվել են, հազարավորների ոչնչացումն էլ շարունակվում է։ Երրորդ՝ համաձայն չեմ այն մարդկանց հետ, որոնք ասում են, որ դա քաղաքականություն է, որ հայկական կողմը պետք է մասնակցի, որ չմասնակցելը էմոցիոնալ է։ Սակայն մեր չգնալն ունի հստակ քաղաքական նշանակություն։ Բացատրեմ. կա Ցեղասպանության խնդիր, որը կախված է Թուրքիայի գլխի վրա, և այսպիսի քայլերով Թուրքիան փորձում է իր վրայից հեռացնել Ցեղասպանության խնդիրը։ Ի վերջո, սա քաղաքական խնդիր է։ Կարծում եմ՝ մեր քաղաքական շահերից է բխում, որ չգնալով` թույլ չտանք Թուրքիային իրականացնել իր այդ նպատակը։ -Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել հարևան Թուրքիայի հետ։ Չե՞ք կարծում, որ եթե հայերը չմասնակցեն միջոցառմանը, Թուրքիան կկարողանա աշխարհին ասել` «տեսե՛ք, ես փորձեցի, հայերը չուզեցին»։ -Ճիշտ է, թուրքերը հենց այդպես էլ կասեն։ Սակայն Ցեղասպանությունն իրականացրել են նրանք, այսօր Արևմտյան Հայաստանում հայ չկա, բոլորին ոչնչացրել են, ավելին՝ շարունակում են կեղծել ու չընդունել պատմական իրողությունը։ Այս ամենի մասին աշխարհը գիտի, ուստի՝ ինչ կասի Թուրքիան, այլևս կարևոր չէ։ Կարևոր է, որ գնալով Վան՝ մենք հարվածում ենք այդ երկրների խորհրդարաններին, որոնք ընդունել են Ցեղասպանությունը։ Պատկերացնում եք, չէ՞, մի երկիր իրականացրել է Ցեղասպանություն, մեղքը ճանաչելու փոխարեն շոու է կազմակերպել, որին մենք մասնակցում ու ծափահարում ենք։ Սա նշանակում է, որ տրվում ենք այդ շոուին, որից հետո, հավատացե՛ք, մեր հեղինակությունը աշխարհում կնվազի։ Եթե մենք չմասնակցենք այդ ներկայացմանը, դա կնշանակի, որ մենք չենք մտնում այդ էժանագին խաղի մեջ, և բարձր ենք պահում մեր հեղինակությունը։ Կարծում եմ՝ Հայաստանի հոգևոր և քաղաքական շահերից է բխում չմասնակցելը Վանի միջոցառմանը։ -Հայաստանից բարձր մակարդակի պատվիրակություն չի մասնակցելու Վանում տեղի ունեցող արարողությանը, սակայն հազարավոր աշխարհասփյուռ հայեր հայց են ներկայացրել՝ պատարագին մասնակցելու համար։ Այս սցենարը որքանո՞վ վնաս կհասցնի մեր ազգային հեղինակությանը։ -Որքան ես եմ տեղյակ, Հայաստանին պաշտոնական հրավեր չի եկել։ Ինչ վերաբերում է հայտ ներկայացրած հայերին, ապա մասնակցել-չմասնակցելն ամեն հայի խղճի խնդիրն է։ Ես կոչ եմ անում, որ ամեն մեկն իր խղճի առջև հարց դնի և ստանա պատասխան։ -Օրերս Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին, որ վերջինս նպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաակտիվացմանը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիան։ Որքանո՞վ է սա նորմալ, եթե հարաբերությունները սառեցվել են հենց Թուրքիայի ձեռքով։ -Բնականաբար աննորմալ է, սակայն խաղի տեսանկյունից՝ նորմալ։ Ըստ իս՝ այս խաղը պայմանավորված է նախ այն հանգամանքով, որ թուրքերը նախապատրաստվում են հաջորդ տարվա ապրիլի 24-ին, երկրորդ՝ փորձում են Ամերիկայի հետ քաղաքական առևտրի նոր հնարավորություն բացել՝ կապված նաև քրդական հարցի հետ։ Երրորդ՝ կարծում եմ՝ այս քայլն ունի որոշակի ուղերձ, որն ուղղված է Ռուսաստանին։ Մեդվեդևի հայաստանյան այցից և ստորագրված ռազմաքաղաքական համաձայնագրից հետո սա քայլ է, որով Թուրքիան ցույց է տալիս Ռուսաստանին, որ դժգոհ է նրա իրականացրած քաղաքականությունից, և հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման գործը վստահում է ԱՄՆ-ին։ Ես լուրջ չեմ ընդունում, թե Թուրքիան իսկապես պատրաստ է տեղից շարժել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թուրքերի կողմից հստակ հայտարարություններ են արվում, որտեղ որևէ նշան, որը ցույց կտա, թե նա պատրաստ է ապասառեցնել այդ գործընթացը, չկա։ Թուրքիան հստակ հայտնեց, որ նույնիսկ ժամանակավոր չի բացելու հայ-թուրքական սահմանը: -Կա տեսակետ, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողվեր, Հայաստանը ստիպված չէր լինի երկարաձգել ռազմաբազաների տեղակայման ժամկետը։ Դուք այդ երկու գործընթացների միջև կապ տեսնո՞ւմ եք։ -Համաձայն չեմ այդ տեսակետին։ Կարծում եմ, որ ռազմական ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը կապված չէ հայ-թուրքական հարաբերությունների հետ։ Դա նորմալ գործընթաց է, որը սկիզբ է առել 90-ականներին և շարունակվում է իր տրամաբանությամբ։ Կարծում եմ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը Ռուսաստանի հետ ռազմաստրատեգիական համագործակցությունն է։ Ես համարում եմ, որ ռազմական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների խորացումն ուժեղացնում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքերը, որը նշանակում է, որ և՛ Ղարաբաղի խնդրի հետ կապված բանակցային գործընթացում, և՛ Թուրքիայի հետ կապված հետագա հավանական հարաբերություններում Հայաստանն ավելի ուժեղ դիրքերից կարող է հանդես գալ։ -Ի՞նչ էական փոփոխություններ կարող են տեղի ունենալ հայ-թուրքական հարաբերություններում՝ դատելով թուրք-ռուսական հարաբերությունների բարելավումից և թուրք-ամերիկյան հարաբերությունների թեթևակի սրումից։ -Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հայ-թուրքական միջպետական հարաբերությունները։ Թուրքիան կարծես թե ինչ-որ մի պահ ընդունեց այս մոտեցումը, սակայն հետո հետ կանգնեց։ Մենք հիմա տեսնում ենք, որ Թուրքիան շարունակում է նախապայմանների իր քաղաքականությունը։ Ելնելով այս երկու հանգամանքներից` մենք կարող ենք ակնկալել, որ Հայաստանը չի հրաժարվի «առանց նախապայմանների մոտեցումից», իսկ Թուրքիան ներկա փուլում պատրաստ չէ հրաժարվել իր նախապայմաններից։ Այս իրավիճակում հարաբերությունները մոտ ապագայում, կարծում եմ, չեն ապասառեցվի։ -Ինչո՞ւ Թուքիան գնաց Հայաստանի հետ արձանագրությունների ստորագրմանը, եթե ի սկզբանե գիտեր, որ չի վավերացնելու դրանք։ -Բանակցությունները վաղուց սկսված էին, սակայն Թուրքիան 2009թ. ինչ-որ որոշում կայացրեց և դրեց իր ստորագրությունը։ Կարծում եմ՝ դա կապված էր 2008թ. ռուս-վրացական պատերազմի հետ։ Թուրքիան տեսավ, որ Վրաստանը պարտվեց, և իր Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքը կորցրեց իմաստը, անմիջապես առաջարկեց կովկասյան կայունության և համագործակցության պլատֆորմի ստեղծման գաղափարը։ Այսինքն՝ Թուրքիան Ռուսաստանին ասաց, որ ինքն էլ է ուզում տարածաշրջանից ինչ-որ բան վերցնել։ Սակայն Ռուսաստանը չգնաց այդ պլատֆորմի ստեղծման գործընթացին, քանի որ ինքն է ցանկանում սեփական իշխանությունը տարածել ողջ տարածաշրջանում։ Այս քայլի տապալումից հետո Թուրքիան որոշեց ակտիվացնել Հայաստանի հետ բանակցությունները, որի իրական նպատակն էր ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում։ Սակայն Թուրքիան այս ամենի համար պետք է որոշակի գին վճարեր, որը վճարել նա չցանկացավ։ Հիմա, եթե տարածաշրջանում կտրուկ զարգացումներ տեղի չունենան, չեմ կարծում, թե Հայաստանի հետ հարաբերությունների համատեքստում Թուրքիան փոխի իր դիրքորոշումը։ Չնայած համոզված եմ, որ Թուրքիայի վերնախավը հայ-թուրքական սահմանը բացելու որոշում է ընդունել, սակայն ձգձգելով՝ փորձում է ԱՄՆ-ից մեծ գին ստանալ դա անելու համար:

No comments:
Post a Comment