Saturday, September 18, 2010

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁ` ՀԵՆՑ ԹՈՒՐՔԵՐԻ ԳԼԽԻ ՏԱԿ

«ԱԶԳ», 18-09-2010- Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագի մասին խոսելիս Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հիշում է թուրքական հայտնի ասացվածքը: «Մենք չունենք գերմանական թնդանոթներ, անգլիական դրեդնոութներ եւ ռուսական կազակներ, բայց ունենք փափուկ բարձ, որ ցանկացած պարագայում կարող ենք դնել այս բոլորի գլխի տակ»: Դեմոյանը փաստում է, որ Աղթամարի պարագայում ճարպիկ կերպով օգտագործված թուրքական բարձը թուրքերը դրեցին հենց իրենց գլխի տակ: «Այնքան անիմաստ քարոզչություն եւ հնարքներ արեցին, որ այդ քարոզչական ծրագիրն իմաստազրկվեց: Չեմ դադարում զարմանալ, որ Թուրքիայում ինչ-որ բան այն չէ: Եվ թուրքական դիվանագիտության առասպելը արժեզրկվում է, որովհետեւ շատ քայլեր տրամաբանությունից անդին են: Նրանք կարող էին այլ քարոզչություն իրականացնել: Օրինակՙ վերականգնել սահմանի մոտ գտնվող Կարսի Սուրբ Առաքելոց տաճարը»:
Սեպտեմբերի 19-ին կայանալիք պատարագի առնչությամբ հայկական կողմի արձագանքը Դեմոյանը համարում է ադեկվատ: «Մայր աթոռի դիրքորոշումը ողջունում եմ: Կարելի էր գնալ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, թույլ տվեք ասելՙ նույնիսկ առանց խաչի, բայց առաջին անգամ 1915-ից հետո առիթ կլիներ այնտեղ պատարագին զուգընթաց հոգեհանգիստ կարդալու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, եւ դա ոչ ոք իրավունք չուներ խանգարելու: Բայց թուրքական կողմի հերթական խեղկատակությունների արդյունքում Մայր աթոռը ճիշտ որոշում ընդունեց` փաստելով, որ ունենք պատկառանքի զգացմունք եւ լարախաղացությունների հետեւից չենք գնա»: Հայոց-ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հավելում է, որ նախընտրելի է ստանալ նաեւ միջազգային կազմակերպությունների, այդ թվումՙ ՅՈՒՆԷՍԿՕ-ի եւ քրիստոնեական կազմակերպությունների արձագանքը: «Եթե այսօր Նյու Յորքում Ղուրան են վառում, ինչը անընդունելի է, եւ ողջ մահմեդական աշխարհն արձագանքում է, ապա քրիստոնեական տաճարի կապակցությամբ նման անհարգալից վերաբերմունքը պետք է համապատասխան գնահատական ստանա` առանց սրելու կրոնական կողմը եւ խնդիրը քննարկելով զուտ մշակութաբանական տեսակետից»:
Դեմոյանի մեկնաբանությամբՙ ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես գա առաջարկով, որ հետագա ոտնձգությունները կանխելու համար Անի մայրաքաղաքն ընդգրկվի ՅՈՒՆԷՍԿՕ-ի մշակութային ժառանգության շարքում: «Անին գտնվում է Թուրքիայում, բայց տվյալ դեպքում մեր պետությունը ցույց կտա իրական տիրոջ` հայ ժողովրդի պետականության դերը: Անին գտնվում է սահմանին եւ քաղաքի մշակութային ժառանգությունը համաեվրոպական մշակութային ժառանգության մաս է: Այն միանշանակ կբերի թուրքական կողմի ընդվզումներին, եւ այդ ժամանակ հայկական կողմը հղում կանի Աղթամարի նախադեպին` փաստելով, որ հայկական կողմին նման խամաճիկություններն անընդունելի են»:
Դեմոյանն առաջարկում է նաեւ ՄԱԿ-ում բանաձեւ ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի:
Կա ՄԱԿ-ի փաստաթուղթ, որով բոլոր սահմանակից երկրները պետք է իրականացնեն բարիդրացիական հարաբերություն, չպետք է բլոկադայի ենթարկեն, սահմանները չպետք է փակ պահեն: Մենք կարող ենք այդպիսի փաստաթուղթ ներկայացնել: Հայկական կողմը պետք է ձեւակերպի, որ 21-րդ դարում անընդունելի է որ 2 պետություններ, որ նույն էթնոլինգվիստիկ եւ ծագումնաբանության հիման վրա են ստեղծված, ձեւավորում են մեկ միասնական ագրեսիվ քաղաքականություն մեկ այլ պետության նկատմամբ: Միայն Ադրբեջանի պարագայում դա հնարավոր չէր լինի, որովհետեւ գոյություն ունի հակամարտություն Լեռնային Ղարաբաղի պարագայում եւ կա բանակցային գործընթաց, բայց, երբ դրան միանում է Թուրքիան եւ ակնհայտ կերպով բանաձեւում իր հարումը ադրբեջանական կողմին, ապա դրան պետք է միջազգային իրավական գնահատական տրվի»:

No comments:

Post a Comment