Monday, September 20, 2010

Վարդան Դեւրիկյան. Վանի Սուրբ Խաչի երեկվա արարողությամբ ոչինչ չվերջացավ. ամեն ինչ նոր է սկսվելու

News.am. 20-9-2010- Վանի Սուրբ Խաչ եկեղեցու սեպտեմբերի 19-ի արարողությամբ ոչինչ չվերջացավ. ամեն ինչ նոր է սկսվելու։ Սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց գրականագետ Վարդան Դեւրիկյանը։
Նա իր այս համոզմունքը բացատրեց նրանով, որ եթե թուրքական կառավարությունը կատարի իր խոստումը եւ 1,5 ամիս անց Սուրբ Խաչի գմբեթին խաչ տեղադրի, ապա հայ հասարակությունը կրկին նոր վիճաբանությունների եւ քննարկումների առջեւ է կանգնելու։ «Վերստին տրվելու է միեւնույն հարցը՝ գնա՞լ, թե` չգնալ»,- տեսակետ հայտնեց Դեւրիկյանը՝ համոզմունք հայտնելով, որ խաչը եկեղեցու վրա տեղադրվելու է հոկտեմբերի 24-ին։
«Ինչի՞ց եմ եկել այս եզրակացությանը։ Հոկտեմբերի 27-ը Գյուտ Սուրբ խաչի տոնն է՝ Առաքելական եկեղեցում Խաչին նվիրված վերջին տոնը։ Այդ օրվա նախաշեմին եկեղեցու գմբեթին խաչ դնելով՝ Թուրքիան կարող է հայերին ուխտագնացության նոր առիթ տալ եւ կանգնեցել վիճահարույց իրավիճակի առաջ»,- բացատրեց նա։
Դեւրիկյանը նշեց նաեւ, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագը չպետք է այսքան քաղաքականացվեր։ «Սա հոգեւոր հարց է եւ չպետք է այսքան քաղաքականացվեր եւ հիվանդագին երեւույթ դարձվեր։ Անգամ Հայոց եկեղեցու նվիրապետական աթոռների բաժանման առիթ տար։ Սա ցույց է տալիս, որ մեր հասարակությունը չափից շատ քաղաքականացված է։ Այստեղ միակ մխիթարությունն այն էր, որ շեշտված դիրքորոշում չցուցաբերեցին գոնե Հայաստանի իշխանությունները»,- նշեց նա։ Դեւրիկյանը խորհուրդ տվեց նաեւ չքաղաքականացնել եկեղեցու՝ թանգարան լինելու հանգամանքը, քանի որ աշխարհի շատ սրբավայրեր այսօր էլ շարունակում են եկեղեցի-թանգարաններ լինել։ «Ակնհայտ է, որ հարցը որքան քաղաքականացվի, այնքան հոգեպես կաղքատանանք եւ ավելի դժվար կացության մեջ կդնենք ինքներս մեզ։ Խաչը չտեղադրելու մեջ չարամտություն չպետք է տեսնել, դրա մեջ չարամտություն չտեսան նաեւ եվրոպական լրատվամիջոցները»,- ասաց գրականագետը։
Ամփոփելով՝ Դեւրիկյանը նկատեց, որ Թուրքիան այլեւս չի վախենում իր պատմությունից։ «Նրանք, ըստ երեւոյթի, չեն վախենում իրենց անցյալից։ Դա երեւի իրենց ուժեղությունից է»,- ասաց գրականագետը։ Նրա հետ, սակայն, չհամաձայնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ով ընդգծեց. «Չեք պատկերացնում, թե ինչպես են թուրքերը վախենում իրենց պատմությունից։ Նրանց մոտ վախը երբեք չի թոլանում, նրանք այս առումով աննախանձելի վիճակում են»։

No comments:

Post a Comment