Saturday, September 18, 2010

Ո՞ԻՄ Է ՊԵՏՔ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

«Լրագիր» 18-9-2010- Ո՞ւմ է պետք մեր պետությունը: Պատասխանը համարյա միանշանակ է` մի քանի տասնյակ ընտանիքների: Իհարկե, կա նաև Ղարաբաղի խնդիրը, ընդհանուր բոլորի համար, այսինքն` մեզ պետք է մեր պետությունն այդ խնդիրը լուծելու համար: Մյուս կողմից, թվում է, թե ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է, խաղաղ է, պետականությունը չի կարող փլուզվել: Սակայն երբ Հայաստանը համեմատում ենք ԽՍՀՄ-ի հետ, ապա նման լավատեսությունն ավելորդ է թվում: 1985 թ. բոլորը կարծում էին, որ ԽՍՀՄ-ը դեռ երկար կգոյատևի, իսկ ընդամենը մի քանի տարի հետո բոլորն էին կանխազգում, որ այդ երկրին հաշված օրեր են մնացել:

70-ականներին իշխում էր արտաքուստ բարեհոգի Լեոնիդ Բրեժնևը և հիմնականում արտաքուստ բարեհոգի քաղբյուրոն: Միակ ոչ բարեհոգի քաղաքական գործիչը Յուրի Անդրոպովն էր, բայց նա էլ ոչինչ անել չէր կարող: Համեմատելով Լեոնիդ Իլյիչին մեր նախագահի հետ` որոշակի նմանություն գտնում ենք. նա էլ է արտաքուստ բարեհոգի: Բայց երկուսն էլ ամուր ձեռքով իրենց դիսիդենտներին պահում են բանտերում:

Նմանությունը նաև այն է, որ ԽՍՀՄ-ում լիբերալ արժեքները պարտվեցին 60-ականներին, և նրանց եկան փոխարինելու պահպանողական արժեքները: Օրինակ< “Նաշ սովրեմեննիկ”, “Տեխնիկա մոլոդյոժի” և այլ հանդեսները լցված էին ռուսների արիական անցյալի մասին պատմական ֆանտաստիկայով և այլն: Սակայն պահպանողական արժեքները ևս արժեզրկվեցին, որից հետո հաջորդեց լիբերալ արժեքների կարճատև գորբաչովյան զարթոնքը և երկրի փլուզումը: Մեզ մոտ էլ տեղի է ունենում պահպանողական արժեքների արժեզրկում և երկու դեպքում էլ պատճառը կաշառակերությունն է: Այլ կերպ չի կարող լինել: Պահպանողականության արժեքները կլանային արժեքներ են /ազգ, կրոն, ընտանիք/, իսկ կլանայնությունը բերում է կաշառակերության ծաղկմանը: Պետության և քաղաքացիների միջև հարաբերությունը կարելի է պատկերացնել որպես փոխանակում. մենք նրան մեր ձայները, իշխելու իրավունք, նա մեզ քաղաքական “ապրանքներ”: Որո՞նք են հիմնական քաղաքական “ապրանքները”: Առաջին հերթին դա արտաքին անվտանգությունն է, որը ինչպես գիտեք ապահովում է Ռուսաստանը: Երկրորդ, ներքին` սոցիալական և անձնական անվտանգության ապահովումն է, ինչը նշանակում է, օրինակ, քրեականներից պաշտպանել հասարակությանը: Մեզ մոտ հակառակն է: Երրորդ, օրենքի գերակայության սկզբունքի ապահովումն է, դատական համնակարգի որակը և այլն: Չորրորդը ազատությունն է. մարդու իրավունքի պաշտպանները կարող են գնահատել այս ցուցանիշը: Հինգերորդը բժշկությունն է, կրթությունը և այլն: Ինչպե՞ս է կատարվում քաղաքական “փոխանակությունը” մեզ մոտ: Հայաստանում շարքային քաղաքացին տալիս է իր ձայնը, իսկ իշխանությունը… 5000 դրամ: Շատ մեծ գումար չէ նույնիսկ թոշակառուի համար: Ուրեմն ինչո՞ւ է վերցնում: Կարծում եմ, որովհետև իշխանությունը բնակչությանն ավելի նշանակալի “քաղաքական ապրանք” առաջարկել չի կարող: Կարծում եմ նաև, որ սա շատ կարևոր և շատ վատ ախտանիշ է: Պետությունների փլուզումը, ինչպես համոզվել ենք ԽՍՀՄ-ի օրինակով, տեղի է ունենում դանդաղ և աննկատ: Պետությունը սկսում է ավելի ու ավելի վատ կատարել իր գործառույթները, այլևս չի կարողանում որոշումներ ընդունել: Ավելի ճիշտ, կենտրոնում որոշումներ են ընդունում, բայց տեղերում դրանք անտեսվում են: Պետությունը դադարում է ստանալ աջակցություն բնակչությունից, դադարում է այն կառավարել, իսկ բնակչությունն էլ չի պահանջում այդ, քանզի համարում է, որ այն իրեն չի կարող մատակարարել անհրաժեշտ քաղաքական “ապրանքները”: Օրինակ, չի կարող պաշտպանել արտաքին թշնամիներից, քանզի անկարող է բավարար քանակի հարկեր հավաքել մարտունակ բանակ ունենալու համար և հույսը դրել է ռուսական ռազմաբազաների վրա: Կամ չի կարող ապահովել բավարարող դատական համակարգի գործունեությունը, և քաղաքացին դիմում է թաղային հեղինակությանը: Պետական չինովնիկները դադարում են կատարել պետության կողմից սահմանված պարտականությունները և սկսում են զբաղվել անձնական գործերով: Օրինակները կարելի է բազմապատկել: Իշխանությունները դառնում են ավելի ու ավելի անվճռական, սկսում են խուսափել լուծել լուրջ խնդիրներ: Ի վերջո, պետության քայքայման գործընթացը հանգեցնում է նրան, որ այն դառնում է բնակչության համար ավելորդ, զարգացումը արգելակող գործոն, այնպիսի հաստատություն, որ միայն խանգարել գիտի: Այս իրադրությունն էր ԽՍՀՄ վերջին տարիներին: Դա նշանակում է, որ պետությունը կորցրել է իր գոյության իրավունքը և պետք է անհետանա: Այսպիսով, պետությունների փլուզման կարևոր պատճառներից մեկը վճռական որոշումներ ընդունելու անկարողությունն է: Հենց այս պահին սկսում է ակտիվանալ բանակը, որը կարող է հավակնել վճռական գործողության ունակության: Բայց նկատեմ, որ զինվորական հեղաշրջումները հիմնականում անարդյունավետ են, իսկ նրանց տված արդյունքը կարելի է համեմատել արագ սառեցման գործընթացի հետ, երբ խնդիրները չեն լուծվում, այլ հետաձգվում են անորոշ ժամանակով: Հայաստանում բանակը քաղաքականապես ակտիվ է եղել 1999 թ.-ին, երբ բանակի ներկայացուցիչ Վազգեն Սարգսյանը փորձեց վճռական քայլերի դիմել: Մի քանի ամիս անց նա և իր թիմը ոչնչացվեց: Այսօր այդ սցենարը քիչ հավանական է: Իրենց այդպիսին` վճռական են ներկայացնում Ռոբերտ Քոչարյանը և նրա թիմը, որոնք ձգտում են “սառեցնել” իրավիճակը: Մյուս` քաղաքացիական հասարակության կողմից իրեն վճռական քաղաքական ֆիգուրա է ներկայացնում Լեւոն Տեր-Պետրոսյանը: Երկու հնարավորություններն էլ ինձ հավասարաչափ ուտոպիական են թվում: Իրականը ոչինչ ձեռնարկել չկամեցող Սերժ և Տիգրան Սարգսյաններն են: Անվճռականությունն այսօր վերնախավի կողմից ավելի պահանջված “ապրանք” է, քան լուրջ խնդիրները լուծելու ունակությունը: Պետությունը քայքայող հիմնական գործոնը կաշառակերությունն է: Չկայացած պետություններում կաշառակերության մի քանի խողովակներ կան: Առաջինը պետական տենդերներն են` դասագրքերի, դեղորայքի և այլն: Երկրորդը մասշտաբային շինարարական ծրագրերն են, որոնք մաքսիմալացնում են ռենտան: Հայաստանում դա Հյուսիսային պողոտան է, Տաթևի ճոպանուղին և այլն: Երրորդը դա լիցենզավորման համակարգն է: Չորրորդը` շորթումները: Հինգերորդը` անձնական կարիքները պետական միջոցներով լուծելու ձգտումը և այլն: Այդ խողովակներով դուրս է հոսում պետականության “հիմնանյութը”, բայց այդ խողովակները փակելու քաջություն կառավարությունը չունի: Քանզի պետությունը թուլանում է, ապա վերնախավի վստահությունը իջնում է, և նա կապիտալը դուրս է բերում երկրի սահմաններից, ներդրումներ կատարում այլ երկրներում: Աշխարհում ամենակաշառակեր երկիր համարվում էր Կոնգոն /Զաիր, Կինշասա/ Մոբուտո Սեսե Սեկոյի բռնապետության օրոք /1965-1997/, որն այժմ քայքայված պետություն է: 1971 թ. նա կոնֆիսկացրեց օտարերկրյա ընկերությունները, հիմնականում Լևանտական, այդ թվում` հայկական ընկերություններ, և հայտարարեց, որ այսուհետ իշխելու է “ճշմարիտ զաիրյան ազգայնականությունը”: Երեխաները պետք է կրեին միայն աֆրիկյան անուններ, իսկ քրիստոնեական անուն տալու համար ծանր պատիժ սահմանվեց: Եվրոպական հագուստ կրելու համար մարդը մեծ տուգանք պետք է վճարեր և այլն: Մոբուտոն իր կառավարման առաջին շրջանում կարողացավ ապահովել երկնիշ տարեկան տնտեսական աճ, սակայն անխուսափելիորեն դրան հաջորդեց տնտեսական ճահճացումը և ապա հետընթացը: Մոբուտոյի ռեժիմը ցցուն կերպով ցուցադրում է ազգայնականության, կաշառակերության և բռնապետության միջև կապը, որոնք բերում են պետականության քայքայմանը: Հայաստանն իր բազմաթիվ ցուցանիշներով հեռու է լատինամերիկյան և ասիական երկրներից և զարմանալիորեն մոտիկ է աֆրիկյան երկրներին, որոնցից մեծամասնությունը չկայացած, նույնիսկ տապալված երկրներ են /Կոնգո-Զաիր, Սոմալի, Սուդան, Չադ և այլն/: Իհարկե, աֆրիկյան պետությունների կոլապսի հիմնական պատճառը էթնիկական և կրոնական բախումներն են, ինչից զերծ է մեր երկիրը, չնայած որոշ կրոնախևների ջանքերի: Բայց դա ընդամենը նշանակում է, որ քայքայման ընթացքը դանդաղ է լինելու: ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ

No comments:

Post a Comment