Tuesday, September 7, 2010

Ո՞Վ ԿՋՈԿՋԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԲԱՐԴՆՈՒՊԱՐԶԸ

«ԱԶԳ , 07-09-2010- Մինչ հայերս զբաղված ենք Աղթամարի Ս. Խաչի պատարագին գնալ-չգնալու մտատանջությամբ, ու ազգիս քաղաքականները ամեն օր փրփուր կտրած դրա մասին են խոսում, Ղարաբաղի հարցի շուրջը ինչ-որ նոր մեսիջներ կան, որոնք երեւակվեցին վերջին շաբաթվա ընթացքում տարբեր մակարդակներում:

Ադրբեջանում իր պատվին տրված ճաշին բաժակաճառի մակարդակով Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւն ասել էր, թե գիտակցում է Ռուսաստանի դերը տարածաշրջանի խնդիրներում, այդ համատեքստում ավելացնելով, թե այնպիսի գերբարդ խնդիր, ինչպիսին Լեռնային Ղարաբաղինն է, ենթակա է միջազգային նորմերի եւ կողմերի փոխադարձ կամքի հիման վրա լուծման: Ավելի ուշ, ասուլիսի ժամանակ նա գոհ էր եղել խնդրի դինամիկայից` խոստանալով գործադրել բոլոր ջանքերը` ղարաբաղյան կարգավորման բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում շարունակելու եւ ինտենսիվացնելու համար: Ջանքերն աշխուժացնելու մասին են խոսել նաեւ տարածաշրջանում գտնվող Մինսկի խմբի համանախագահները` իրենց վերջին հայտարարության մեջ հակամարտության կողմերի ակտիվություն ցանկանալով տեսնել մոտակա ամիսներին` մինչեւ ԵԱՀԿ վեհաժողով: Բայց մինչ նրանք լրացուցիչ միջոցառումների մասին պիտի քննարկեին կրակի դադարեցման ռեժիմն ապահովելու համար, աջակցեին փոխզիջման ոգով բանակցության ու հետագա գործողությունների համար պայմաններ մշակելուն, հետն էլ կոչ անելով պահպանել կրակի դադարեցման համաձայնագիրը` փոխզիջման ոգին ամրապնդելու համար, հո՛պ, ադրբեջանցիք «մանդրաժից» դուրս գալու համար միջադեպ են կազմակերպում հայ-ադրբեջանական սահմանին:

Համանախագահներին էլ ի՞նչ է մնում` «վճռականապես» դատապարտել շփման գծի վերջին միջադեպերը եւ կրակի դադարեցման ռեժիմի ցանկացած խախտում, հիշեցնել Ալմաթիի ԱԳ նախարարների հայտարարության մասին: ճակատագրի ինչպիսի՞ հեգնանք:

Լավ, համանախագահները սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին որ վերադառնան մեր տարաշաշրջան, տեսնես էլի նույն բանե՞րն են ասելու` տեսական-անորոշ, կամ տեսնես ո՞նց են պատրաստելու իրենց տարեկան զեկույցը` ի հետագա գործածություն, եւ ո՞նց է գործածվելու այդ զեկույցը, եթե նրանց զեկույցների թղթերը ոչ մի ազդեցություն չունեն Ալիեւի անկառավարելի պահվածքի վրա կամ հակառակ ազդեցությունն ունի` նկատի ունենք հրադադարի խախտումը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում, այդ թվում` շաբաթ օրը:

Հետն էլ դեռ ԵԽԽՎ-ի թուրք նախագահը, Շվեդիայում, իր մանդատից դուրս մի սեմինարում, «մոռացել» է մանդատի անկողմնակալության հրամայականն ու խոսել Թուրքիայի անունից, թե բա Թուրքիան պատրաստ է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ, բայց դե, վերջինս, գիտեք, էլի, պետք է ազատի Ադրբեջանի տարածքները: Այս մարդուն վերջապես պե՞տք է իր մանդատի գործողության տեղն ու ժամանակը ցույց տալ, թե՞ ոչ, եւ արդյո՞ք ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անելիքն այդ հարցում ո՞րն է:

Ընդհանրապես` ադրբեջանցիք իրենց կանխատեսելի չեն պահում` կամ նրանք լավ մտածված պլան ունեն` մեր ու միջազգայիննների նյարդերը մի լավ քայքայելու ուղղությամբ, որ քայլ առ քայլ իրագործում են, կամ էլ հակառակը, որն առավել հավանական է, գնում են իրավիճակային գործողությունների, քանի որ նրանց սպասած «լայն միջազգային աջակցությունը» ոչ մի կերպ ոչ մի ուղղությամբ իրականություն չի դառնում, Չավուշօղլուի եւ մի քանի այլ օղլուների անկանոն շարժումներից բացի: Նրանք անընդհատ հիասթափություններ են ունենում` մեկ հիասթափվում են հայ-ռուսական համաձայնագրերից, մեկ առանձնապես նշանակալից չեն համարում Ռուսաստանի նախագահի այցի արդյունքները: Մեկ Բաքվում Մեդվեդեւի այցի օրը պետական դրոշի` երկրորդ անգամ պատռվելը վատ նշան են համարում, Ղարաբաղի վերջնական կորստի նշան Ադրբեջանի համար: Մնում է լաչառություն անել սահմանին` սեփական զինվորների արյան գնով անգամ:

Սակայն մեզ առավել հետաքրքրում է մերոնց, հատկապես մեր քաղաքական շրջանակների` հնչող հայտարարություններին եւ կատարվող իրադարձություններին ժամանակին եւ համարժեք գնահատականներ հնչեցնելու եւ կիրառական խորհուրդներ հնչեցնելու պարագան, որին «Ազգն» էլի անդրադարձել է: Ամեն անգամ երբ որեւէ իրավիճակ հանգուցվում, եւ հատկապես Ղարաբաղի խնդրում տեղեկությունների եւ քայլերի հերթական կուտակում է տեղի ունենում, հարկ է հետեւել մերոնց պահվածքին ու տեսնել, թե որքան իրավիճակային են հենց մերո՛նք շարժվում, որոնք չնայած վաղուց հարկ էր պատրաստի քայլերի մի ողջ համալիր ունենային ցանկացած իրավիճակի համար, դանդաղ եւ ոչ ադեկվատ են պահում իրենց` ծանրարժեք ու ճիշտ նշակետին խփող գնահատականներն ուշացնելով. մերոնց գնահատականները սովորաբար որոշակիություն չեն պարունակում, էմոցիաներից այն կողմ չեն անցնում` «ուզուն ախմախի» եւ այլ որակումների ոգու մեջ են: Սա` քաղաքականների մասով: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, արձանագրելով Մեդվեդեւի` ղարաբաղյան խնդիրը խաղաղ լուծելու հորդորին ժամեր անց հաջորդած եւ սեփական քաղաքացիների կյանքի գնով ադրբեջանցիների կազմակերպած սադրանքը, ասում է ընդամենը, թե ժամանակն է այդ գործողությունները համարժեք գնահատական ստանան միջազգային հանրության կողմից. չեն ստանում, էդ ճիշտ է, բայց մենք ի՞նչ ենք անում:

Գուցե ճիշտ են Տիգրան Թորոսյանը եւ մի շարք ուրիշ շրջանակներ, որոնք խոսում են այն մասին, թե մի մասնագիտական կառույց է պետք ձեւավորել, որ Ղարաբաղի խնդրի ամեն մի աննշան տեղեկատվություն ու կիսափոփոխություն փորձագիտական մակարդակով քննարկի եւ բարձրաձայն գնահատականներ հնչեցնի` ինչը, որտեղ, երբ, ինչպես: Մինչդեռ մեկն այսօր ՄԱԿ-ում քննարկվելիք ադրբեջանական բանաձեւն («Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում») էր համարում Ալիեւի` փրփուրներից կախվելու նշան (ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյան, բանաձեւն անվանելով գրված թուղթն իսկ չարժեցող), մյուսը` քաղաքական հզոր հիմք Ադրբեջանի համար (Լարիսա Ալավերդյան), որ պետք չէ թերագնահատել, երրորդը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններն է Բաքվի դիվերսիոն գործողությունների ոգեւորության աղբյուր համարում (Է. Շարմազանով), գուցեեւ այս վերջինը ճշմարտության երանգ ունի իր մեջ:

Մեր քաղաքական ուժերը չեն կարողանում ժամանակին պոկվել իրենց հին իդեա-ֆիքսերից` իշխանության գալու հազար եղանակում սեփական եղանակի փնտրտուքից (որտեղ ոչ մի ջանք չթափելով, միայն խոսելով, այն էլ որպես խոսելու նյութ ունենալով դիմացի ուժի սեւացումը), ասում են` գանք իշխանության, Ղարաբաղի հարցն էլ մեր օգտին կլուծենք, ամեն ինչն էլ. ժամանակ չունեն ճիշտ ժամանակին իրավիճակ վերլուծելու, ընկել են քաղաքական փոքրիկ ինտրիգներից ինչ-որ քաղաքական պատկեր հյուսելու հետեւից, քաղաքական «թեժ» աշնանից առաջ հին ցնցոտիներից ազատվելու ու մի «պռիլիչնի» հագուստով հասարակությանը ներկայանալու սին ջանքերով: Մերոնք վիճում են այն մասին, թե ո՞վ է ավելի արմատական ընդդիմությունը, ո՞վ` իշխանական ուժերի մեջ «միլեե վսեխ»:

Իսկ թե ո՞վ ղարաբաղյան նոր շեշտադրումներից բարդնուպարզն իրարից կջոկջկի` իրենց քիչ է վերաբերում. պետք եղավ` ԼՂՀ-ն ճանաչելու օրինագիծ կներկայացնեն` ժամանակն է-ժամանակը չէ, մեկ քաղաքական ուժի խնդիր է դա, մեկ ուժի խնդիր չէ, եւ զանազան այլ համազգային նպատակահարմարություններ, նրանց չեն հետաքրքրում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

No comments:

Post a Comment