Thursday, September 23, 2010

ԿՐԿԻՆ C-300, ԿՐԿԻՆ ԿԱՍԿԱԾՆԵՐ

«ԱԶԳ», 23-09-2010- Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ Մոսկվան Իրանին չի տրամադրի երկկողմ վաճառքի պայմանագրով նախատեսված C-300 հակահրթիռային պաշտպանության համակարգը. «Եղել է ղեկավարության որոշում գործընթացը կասեցնելու վերաբերյալ, եւ մենք իրականացնում ենք», BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբՙ հայտարարել է գեներալ Մակարովը: Պաշտոնական Մոսկվան իր որոշումը հիմնավորել է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգի վաճառքի իրականացումը արգելված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցներով: Մինչդեռ ավելի վաղ ռուսաստանյան դիվանագետները պնդում էին, որ զինտեխնիկայի վաճառքը չի կարող արգելվել վերոհիշյալ պատժամիջոցներով: Միեւնույն ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախագահ Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել` «Ռուսաստանի համար որոշելու Իրանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցների ընթացակարգը»: Իր հերթին ՌԴ ՊՆ գլխավոր շտաբի պետ Մակարովը չի նշել, թե արդյոք համակարգը Իրանին չտրամադրելով Մոսկվան դադարեցնո՞ւմ է Թեհրանի հետ պայմանագիրն առհասարակ. «Տեսնենք, դա կախված է Իրանի հետագա քայլերից», ասել է Մակարովը:
Հավելենք, որ հենց Իրան ուղարկվելիք C-300-ի վերաբերյալ էր օրեր առաջ բարձրացված աղմուկը, ըստ որի համակարգը Թեհրանին չվաճառելու պարագայում Մոսկվան պատրաստվում է այն վաճառել Բաքվին: Հիշեցնենք` այս լուրերը Ռուսաստանը չհաստատեց, բայց եւ չհերքեց, մի բան միայն այսօր արդեն իսկ պարզ է` Մոսկվան C-300-ը չի վաճառի Իրանին:

No comments:

Post a Comment