Wednesday, September 22, 2010

CnnTurk-ի արձագանքը ՀՀ նախագահի ելույթին

Panorama.am. 22-9-2010-Թուրքական մամուլն անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստանի անկախության տոնի առթիվ ունեցած ելույթին, որի ժամանակ հանրապետության ղեկավարը խոսել էր նաև երկրի ներքին ու քաղաքական որոշ հարցերի մասին: Մասնավորապես թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը, իր կայքէջում հրապարակելով Սերժ Սարգսյանի ելույթի բովանդակությունը, վերնագրային տողատակով արձագանքել է ՀՀ նախագահի ելույթի հետևյալ հատվածին. «Այո, նույնիսկ ապօրինի շրջափակման պայմաններում մենք շարունակում ենք զարգանալ: Մենք ոչ մեկի թշնամի չենք համարում, բայց ունենք հարևաններ, որոնց խոսքն ու գործը պարունակում են ակնհայտ թշնամություն: Դա ցավալի է, բայց փաստ է»:
«CnnTurk»-ը ՀՀ նախագահի` «թշնամաբար տրամադրված հարևան» արտահայության կապակցությամբ վերնագրի միջոցով հայտնում է տարակուսանք` «Ո՞ւմ էր մատնանշում»: Հարցը, իհարկե, հռետորական է:

Ինչպես վկայում է «CnnTurk»-ի հրապարակումը, թուրքերը, հավանաբար, ըմբռնում ու գիտակցում են, որ 17 տարի Հայաստանին ապօրինի ցամաքային շրջափակման մեջ պահողը եղել ու մնում է Թուրքիան: Ահա մի գործ, որը պարունակում է ակնհայտ թշնամություն: Իսկ նույն այդ հարևանի թշնամությունը խոսքի մեջ ևս ունի թարմ օրինակ. Թուրքիայի վարչապետ Էրդողանը սուլթանական բառապաշարով ոչ վաղ անցյալում բացահայտ սպառնում էր Թուրքիայից արտաքսել 100.000 հայաստանցիների:

No comments:

Post a Comment