Saturday, October 30, 2010

ՄԻ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

29-10-2010- Հոկտեմբերի 28-ին գրեթե բոլոր հեռուստալրատվականները ցուցադրում էին, թե ինչպես են մի խումբ ուսանողներ երթով ցույցի գնում Հայկական Ժամանակ օրաթերթի խմբագրություն: Նրանց բողոքի պատճառը եղել է թերթի հրապարակած այն տեղեկությունը, թե Վանաձորի ուսանողներին 5 հազարական դրամ են առաջարկում Սպիտակում կայանալիք Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը մասնակցելու համար:
Եվ ահա ուսանողները, ԲՀԿ երիտթեւի առաջնորդությամբ, բողոքով գնացել էին թերթի դեմ եւ պահանջում էին, որ թերթը հերքի այդ տեղեկությունը, դա համարելով զրպարտություն եւ հայտարարելով, թե ուսանողները չեն վաճառվում:
Նրանց ակտիվությունն ու օպերատիվությունն իսկապես նախանձելի էր, ինչպես նախանձելի էր ուսանողական այդ ակցիան լուսաբանելու հեռուստաընկերությունների պատրաստակամությունը: Թեեւ լուսաբանում, որպես այդպիսին, կարծես թե չկար, քանի որ մյուս հեռուստաընկերությունները ցուցադրում էին այն ռեպորտաժը, որը նկարահանել էր Գագիկ Ծառուկյանին պատկանող Կենտրոն հեռուստաընկերությունը:

Ի դեպ, դա հեռուստախնայողության շատ լավ տարբերակ է: Պետք չէ, որ բոլոր հեռուստաընկերություններն ամեն մի իրադարձության առանձին խմբեր ուղարկեն լուսաբանելու համար: Միեւնույն է, վերջում, մեծ հաշվով, բոլորի ասելիքն էլ ստացվում է նույնը, իսկ ավելի կոնկրետ` որ Հայաստանում դժվարություններ կան, բայց դրանք շեշտակի արագությամբ հաղթահարվում են, եւ ժողովուրդն էլ անսահման հավատով է լցվում այդ խնդիրները լուծող պաշտոնյաների եւ օլիգարխների հանդեպ:

Եվ քանի որ այդպես է, ապա թերեւս ճիշտ տարբերակն այն է, որ ամեն մի հեռուստաընկերություն մի իրադարձություն լուսաբանի, հետո նրանք կարող են տեսագրությունը էլփոստով իրար ուղարկել եւ ցուցադրել եթերում: Այդպիսով կարող են հեռուստաընկերություններն օպտիմալացվել, իսկ խնայված փողով էլ կարելի է բարեգործություն անել:

Ինչ վերաբերում է Հայկական Ժամանակի դեմ ցույց անելուն, ապա, իսկապես, ուսանողների ակտիվությունն ու ինքնասիրության զգայուն դրսեւորումը նախանձելի էր: Նրանք չէին ալարել, եւ ոտքով ահագին ճանապարհ անցնելով հասել էին թերթի խմբագրություն, որ զանգվածային ակցիայով թերթից հերքում պահանջեն: Մինչդեռ զարմանալի է, որ նույն այդ ուսանողները կարծես թե որեւէ բողոքի ակցիա չեն իրականացնում Հայաստանում իրավական, կրթական, սոցիալական եւ այլ կարգի բազմաթիվ հիմնախնդիրների դեմ պայքարելու համար:

Մեկ էլ, ԲՀԿ երիտթեւի առաջնորդն էր կարծես, որ հայտարարում էր, թե եթե թերթը հերքում չտպի, ապա իրենք կդիմեն ծայրահեղ քայլերի: Հետաքրքիր է, որն է ծայրահեղ քայլը ըստ ԲՀԿ երիտասարդների` դատարա՞նը, թե ֆիզիկական հաշվեհարդարը: Եթե ֆիզիկական հաշվեհարդարը, ապա թերեւս ժամանակն է, որ այդ հայտարարությամբ զբաղվեն իրավապահները, իսկ եթե դատարանն է ըստ նրանց ծայրահեղ քայլը, ապա երեւի թե ժամանակն է, որ նրանցով զբաղվեն հոգեբանները:

No comments:

Post a Comment