Thursday, October 28, 2010

Ջո Բայդենը հայտնի է լեզվի սայթաքումներով և անտակտությամբ. Hurriyet

Tert.am. 28-10-2010- Երկրորդ օրն է, ինչ թուրքական Hurriyet օրաթերթի էջերից չի իջնում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի անվան շուրջ առաջացած սկանդալը: Խոսքը Youtube-ում հայտնված և ԱՄՆ փոխնախագահին վերագրվող տեսանյութն է, որում նա ասում է, թե Սերժ Սարգսյանն է զանգահարել իրեն և խնդրել չշտապել Ցեղասպանությունը ճանաչելու հարցում՝ հաշվի առնելով հայ–թուրքական կարգավորման գործընթացը։
Երեկ թուրքական Hurriyet-ը երկու հնարավոր տարբերակ էր առաջ քաշել այդ տեսանյութի պատրաստման առնչությամբ: Նախ, ըստ թուրքական պարբերականի, ԱՄՆ փոխնախագահի այդ խոսքերը կարող են նշանակել, որ Միացյալ Նահանգները մոտ ապագայում Ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունելու և նախագահ Բարաք Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում գործածելու է Ցեղասպանություն եզրույթը: Երկրորդ` այդ տեսանյութով, որում խոսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, դեմոկրատները նոյեմբերի 2-ին Սենատում և Ներկայացուցիչների պալատում կայանալիք ընտրություններում փորձում են փրկել իրենց վտանգված աթոռները:
Իսկ այսօր Hurriyet-ը հիշել է Ջո Բայդենի` իր քաղաքական գործունեության ընթացքում թույլ տված որոշ սխալների և անտակտությունների մասին:
«Ջո Բայդենը սենատորից մինչև փոխնախագահի աթոռ հասնելու իր քաղաքական կարիերայի ճանապարհին շատ անտակտություններ և վրիպումներ է արել, որոնցից հատկապես հայտնի են այս երեքը.
1. Մի անգամ ամբիոնից խոսելիս` Բայդենը դիմել է հաշմանդամի սայլակին գամված մի սենատորի` ասելով. «Չաք, ոտքի կանգնիր, թող մարդիկ քեզ էլ տեսնեն»:
2. Շփոթելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ազգանունը` նրան անվանել է «Բարաք Ամերիկա»:
3. Խոզի գրիպի համաճարակի ժամանակ հայտարարելով, թե «Ըստ իս` բոլորը պետք է խուսափեն փակ վայրեր մտնելուց», խուճապ էր առաջացրել հասարկության շրջանում»,- գրում է Hurriyet-ը` ավելացնելով.
«67-ամյա Բայդենը շատ հաճախ քնանդատվում է ստելու և եղածն ուռճացնելու համար: Նրա ամենահայտնի երկու ստերը սրանք են.
1. Ջո Բայդենը հայտարարել էր, թե «Օբաման երբեք չի ասել, որ առանց նախապայմանի Ահմադինեժադի հետ կնստի բանակցային սեղանի շուրջ»: Այնինչ Օբաման ոչ միայն այդ մասին հայտարարել է, այլև Բայդենը` ժամանակին քննադատել է Օբամային այդ հայտարարության համար:
2. Մի անգամ Բայդենը հայտարարել է, թե մի օր, երբ Ջորջ Բուշը դեռ նախագահ էր, իրեն ասել է. «Ես առաջնորդ եմ»: Ի պատասխան Բուշի այդ հայտարարությանը` Բայդենն իբր ասել է. «Սակայն պարոն նախագահ, հետ նայեք, ոչ ոք այնտեղ չկա»: Սակայն դա էլ ավելի ուշ հերքվեց»:

No comments:

Post a Comment