Saturday, November 6, 2010

Գերմաներեն չես սովորում՝ վերադարձի՛ր հայրենիք. Գերմանիան փոխում է ներգաղթային քաղաքականությունը

«Կապիտալ» օրաթերթ. 6-11-2010- Գերմանիայում գործող ռուսալեզու «Ռուսկայա Գերմանիա» պարբերականը գրում է՝ անցյալ շաբաթ դաշնային կաբինետը, արձագանքելով գերմանական հասարակությունում ընթացող ինտեգրացիոն բանավեճերին, հաստատեց մի օրինագիծ, որ վերաբերում է ներգաղթի խնդիրներին։
Ենթադրվում էր, որ նոր կանոնների իրականացումն իշխանություններին թույլ կտա ուժեղացնել վերահսկումը գերմանական հասարակությունում միգրանտների ինտեգրման գործընթացի նկատմամբ։ Սակայն Գերմանիա որակավորված կադրերի տեղափոխումը հեշտացնելու կամ ընտանիքների վերամիավորման հարցում լարվածությունը վերացնելու կապակցությամբ ակնկալվող քայլերի փոխարեն դաշնային կանցլեր Անգելա Մերկելի կաբինետը նախընտրեց գործել միանգամայն այլ ուղղությամբ։
Օրինագծում երկու հիմնական կետ կա։ Նախատեսվում է տուգանքային պատժամիջոցներ սահմանել նրանց համար, ովքեր հրաժարվում են հաճախել ինտեգրացիայի պարտադիր կուրսերին։ Իսկ բռնի ամուսնությունը, որը տարածված է մուսուլման ներգաղթյալների շրջանում, դիտարկվելու է որպես առանձին հանցագործություն։ Իրավաբանական հետապնդությունն ավելի հեշտ կդառնա, թեև պատժաժամկետն անփոփոխ կմնա՝ մինչև հինգ տարվա ազատազրկում։ Միաժամանակ, նախատեսվում է խստացնել պայքարը կեղծ ամուսնությունների դեմ։ Եթե երկրորդ կետի հետ ամեն բան քիչ թե շատ պարզ է, ապա գերմաներենի կուրսերի հաճախման հետ կապված խնդիրն այնքան էլ հեշտ չէ։ Կուրսերի մեծ ընտրություն կա միայն Գերմանիայի խոշոր քաղաքներում՝ գերմաներեն կարելի է սովորել ինչպես Ազգային բարձրագույն դպրոցներում, այնպես էլ հավատարմագրված մասնավոր կառույցների միջոցով։
Վճարն իր վրա է վերցնում միգրանտների ու փախստականների հարցերով դաշնային գերատեսչությունը։ Սակայն եթե մարդն ապրում է գյուղական վայրում, կուրսերին գրանցվելու համար ստիպված է հերթ կանգնել, որը կարող է ձգձգվել ոչ մեկ ամիս։ Ավելին` այդ կուրսերի ֆինանսավորումն անփոփոխ կերպով կրճատվում է։ Նաև պարզ չէ, թե արտասահմանցիների հարցերով տեղական գերատեսչությունները պատասխանատու պատժամիջոցների կիրառման համար ինչպես են վարվելու տարեց միգրանտների հետ, որոնք առողջության պատճառով չեն կարող հաճախել կուրսերին. չէ՞ որ լեզվի դասընթացներին չհաճախելու դեպքում ներգաղթյալներին սպառնում է մերժում կեցության իրավունքի երկարացման հարցում։ Ստացվում է՝ այդպիսի արտասահմանցիներին արտաքսելո՞ւ են Գերմանիայից։
«Կանաչներն» արդեն քննադատել են օրինագիծը՝ որակելով այն որպես «միանգամայն անիմաստ»։ Նշվում է, օրինակ, որ բռնի ամուսնությունն արդեն այսօր քրեական հանցագործություն է համարվում։ Իսկ պատժամիջոցները «պատժակիրների» նկատմամբ, ըստ «կանաչների», ուշադրությունը շեղող մանյովր է, որը պետք է ծածկի ինտեգրացիայի կարևոր այլ հարցեր։
«Կանաչների» խորհրդարանական խմբակցության՝ ինտեգրացիայի հարցերով փորձագետ Մեմեթ Կիլիչը հայտարարել է, որ իր կուսակցությունը պատրաստել է ներգաղթային քաղաքականությանը վերաբերող սեփական օրինագիծը։ Մասնավորապես` առաջարկվում է հեշտացնել Գերմանիայում բնակվող ներգաղթյալ թոշակառուներին քաղաքացիություն տրամադրելու գործընթացը։ Բացի այդ` «կանաչները» պահանջում են արագացնել արտասահմանցիների հպատակագրման գործընթացը։

No comments:

Post a Comment