Monday, November 22, 2010

ԱՄԵՆ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀ ԲԱՆԱԿԻ ՄԱՀՆ Է

«Լրագիր» 22-11-2010- Հայկական բանակում տեղի է ունեցել հերթական ողբերգական միջադեպը, որին զոհ է դարձել չորս զինվոր, եւ չորսն էլ վիրավորվել է: Ցավակցությունից եւ ափսոսանքից բացի, ասելու բան կարծես թե չկա: Ինչ ասել, երբ վերջին ամիսների ընթացքում սա հերթական ողբերգական դեպքն է: Անընդհատ նույն բանն ասելը կարծես թե իմաստ չունի: Ակնհայտ է, որ բանակը, զինված ուժերը հայտնվել են մի ողբերգական ցիկլի մեջ, ինչը վկայում է անհապաղ եւ արմատական միջամտության անհրաժեշտության մասին:
Դա առաջին հերթին ենթադրում է թերեւս կադրային միջամտություն: Դժվար է ասել, թե ինչքանով կփոխվի իրավիճակը դրանից: Օրինակ, ինչ կփոխվի, եթե նշանակվի նոր նախարար, կամ գլխավոր շտաբի նոր պետ, կամ բարձրագույն հրամկազմի եւ տեղերի նոր հրամանատարներ, ղեկավարներ: Բայց նաեւ ակնհայտ է, որ ներկայիս կադրային ռեսուրսն անկարող է կանգնեցնել վերջին շրջանում շղթայական ռեակցիայի նման իրար հաջորդող ողբերգությունները, փոխել իրավիճակը:
Թե որն է թույլ օղակը, թերեւս պետք է լավագույնս կարողանա պարզել եւ հայտնաբերել, ու այդ օղակից ազատվել Գերագույն գլխավոր հրամանատարը` Սերժ Սարգսյանը: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ նա ոչ թե “զզվի” բանակի խնդիրները բարձրաձայնողներից, այլ վերջապես տեսնի, որ դրանք կան, որ բանակն ամրացնելու եւ հզորացնելու համար պետք է ոչ թե թաքցնել դրանք, այլ լուծել: Ավելին, բանակի իրավիճակին տիրապետելուն կոչված հրամկազմի “թույլ օղակին” հայտնաբերելու գործում Սերժ Սարգսյանը թերեւս չի կարող ունենալ ավելի լավ գործընկեր, քան հենց բանակի խնդիրները բարձրացնող հանրույթը:

Իսկ “թույլ օղակ” արտահայտությունն էլ տվյալ դեպքում ոչ թե նշանակում է ներիշխանական եւ ներգերատեսչական ինտրիգներում թույլ, այլ սեփական պարտականությունները եւ լիազորությունները կատարելու հարցում “թույլ” օղակ, ինչի հետեւանքով բանակում ողբերգությունները եւ հանցագործությունները հաջորդում են մեկը մյուսին, դառնալով մարդկային կորստի պատճառ: Որն է զոհերի այն ծավալը, որից հետո միայն իշխանությունը կհասկանա, որ իրավիճակը սովորական չէ, որ այն չէ, թե “ցանկացած բանակում էլ լինում է հանցանք եւ ողբերգություն”, թե “բանակը հասարակության հայելին է”: Ամիսը քանի ողբերգություն, հանցանք, զոհ պետք է լինի, որ իշխանությունը հասկանա, որ պետք է դուրս գալ ծեծված, ոչինչ չասող եւ պատասխանատվությունը փոշիացնող տրաֆարետներից, որ պետք է ոչ թե բանակի խնդիրները շոշափողներին հայտարարել կամ հռչակել բանակի թշնամի, այլ նրանց, ում անպատասխանատվության կամ հանցակցության հետեւանքով բանակում արձանագրվում են այդպիսի միջադեպեր:

Իսկ այդ միջադեպերի հաճախականությունը վկայում է, որ խնդիրը մի քանի անձանց մասին չէ, այլ համատարած մի երեւույթի, որը եթե շատ արագ չախտորոշվի եւ շատ արագ արմատախիլ չարվի, ապա այլ զինվորներ էլ իրենց կյանքով վճարելու են իշխանության այդ անգործության համար:

Մինչդեռ բանակը դա զինվորն է: Զինվորները չեն, զինվորն է, ամեն մեկը, յուրաքանչյուրը: Եվ ամեն մի զինվորի մահ դա բանակի մահն է. ամեն զինվորի հետ մեռնում է նաեւ բանակը: Հայկական բանակի հանդեպ վերաբերմունքի հիմքում պետք է հստակորեն դնել այդ գիտակցումը: Առավել եւս փոքր բանակները մարտունակ եւ հզոր կարող են լինել, եւ արդյունավետ կարող են կառավարվել միայն այդ գիտակցման վրա կառուցված լինելու պարագայում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:

Post a Comment