Monday, November 29, 2010

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անհրաժեշտ է լուծել

Nnews.am. 28-11-2010- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է կառուցողական մոտեցում եւ ոգի երկու կողմից, որպեսզի հնարավոր լինի տարածաշրջանում հասնել խաղաղության, եւ դա Մինսկի խմբի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խնդիրն է: Այդ մասին նոյեմբերի 28-ին Աստանայում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Պերրեն դե Բրիշամբոն, հաղորդում է Trend-ը:
«Եկել է էջը շրջելու ժամանակը, որպեսզի երկու հարեւան երկրները կարողանան ապրել բարեկամության եւ համագործակցության մթնոլորտում: Անհրաժեշտ է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը», - ասել է Դե Բրիշամբոն:
Մամուլի ասուլիսին մասնակցած Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Կոնստանտին Ժիգալովի խոսքով, Ղազախստանը ԵԱՀԿ-ում իր համանախագահության սկզբից այցելել է տեւական հակամարտությունների գոտի:
«Մենք հետեւողականորեն այցելեցինք Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստանց` մեծ նշանակություն տալով այդ հարցին: Հեշտ չէ առաջ շարժվում մի քանի հարցերի քննարկումը, թեեւ մի շարք ուղղություններով հաջողվել է շատ բան անել», - նշել է Ժիգալովը:
Մինսկի խմբի ներկայացուցիչներն արդեն ժամանել են Աստանա եւ ակտիվորեն աշխատում են բոլորին ձեռնտու ձեւակերպումների մշակման վրա:
«Հուսով եմ, որ մնացած օրերին մեզ նույնպես կհաջողվի հասնել կոնսենսուսային ձեւակերպումների, քանի որ ԵԱՀԿ անդամ բոլոր երկրները հասկանում են, որ մեզ անհրաժեշտ է մեծացնել հակամարտությունների վաղ կարգավորման ներուժը: Մենք կձգտենք դրական ներդրում ունենալու որոշակի փորձերի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցը ճիշտ արտացոլվի գագաթաժողովի փաստաթղթերում, եւ հուսանք, որ դա մեզ կհաջողվի», - ասել է Ժիգալովը:
ԵԱՀԿ գագաթաժողովը Աստանայում կանցկացվի դեկտեմբերի 1-ին եւ 2-ին:

No comments:

Post a Comment