Thursday, November 4, 2010

ՆԱՏՕ–ի ԽՎ–ում ներկայացված բանաձևի նախագծի առնչությամբ հայկական պատվիրակությունն առաջարկներ է պատրաստում

Tert.am. 3-11-2010- Նոյեմբերի 12–14–ը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ–ի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում քննարկվելու է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ» բանաձևի նախագիծը, որը դեռ ամիսներ առաջ ներկայացրել էր ՆԱՏՕ–ի ԽՎ-ն՝ ադրբեջանական կողմի առաջարկությամբ։
Քննարկվելիք բանաձևի նախագծի առնչությամբ հայկական պատվիրակությունն առաջարկություններ է պատրաստում։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՆԱՏՕ–ի ԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը։
Կարեն Ավագյանը շեշտեց, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի բանաձևերը պարտադիր կատարման ենթակա չեն և ավելի շատ խորհրդատվական բնույթ ունեն։ Ինչ վերաբերում է ներկայացված բանաձևի նախագծի առնչությամբ հայկական պատվիրակության առաջարկներին, Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ իրենց հատկապես մտահոգում է նախագծում տեղ գտած «օկուպացված տարածքներ» ձևակերպումը, որն էլ նախագծից հանելու առաջարկություն են ներկայացնելու։
Կարեն Ավագյանի խոսքով՝ բանաձևի նախագծի 5–րդ և 6–րդ կետերում ԼՂ խնդրի լուծման համար կոչ է արվում աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչպես նաև շեշտվում են խնդրի կարգավորման հիմքը հանդիսացող Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթները։ «Այսինքն, դրանք այն սկզբունքներն են, որոնց մասին Հայաստանը միշտ հայտարարում է»,– ասաց պատգամավորը։
ՆԱՏՕ–ի ԽՎ–ում ներկայացված բանաձևի նախագիծը ներկայացնում ենք ստորև.
Վեհաժողովը`
1. վերահաստատելով իր անսասան հավատարմությունը Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը,
2. ընդունելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հակամարտությունն ու նախկին ինքնավար մարզի հարակից յոթ շրջանների օկուպացիան տարածաշրջանի ժողովրդին մեծ տառապանքներ են պատճառել,
3. համոզված, որ հակամարտության խաղաղ լուծումը մեծապես կնպաստի տարածաշրջանի անվտանգությանն ու կընդլայնի էական տնտեսական զարգացման հեռանկարները,
4. նշելով, որ իրավիճակը փոփոխական է և մտահոգված, որ ուժի ցանկացած կիրառում ոչ միայն կվտանգի հարատև լուծման հասնելու ջանքերը, այլև Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի կայունության համար հակառակ հետևանքներ կունենա`
5. կոչ է անում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ կառավարություններին և խորհրդարաններին`
ա. աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին որպես Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու համար պատասխանատու միջազգային մարմին,
բ. աջակցել հակամարտության կողմերին խաղաղ լուծում գտնելու հարցում,
6. կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին ու խորհրդարաններին`
աշխատել Մինսկի խմբի հետ հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար, որը հիմնված կլինի Հելսինկյան եզրափակիչ ակտում պարունակվող սկզբունքների վրա, մասնավորապես, այն սկզբունքների, որոնք վերաբերում են ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից ձեռնպահ մնալուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և ազգերի հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը:


No comments:

Post a Comment