Monday, November 29, 2010

ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԻ ՆՈՂԿԱՆՔԸ

«Լրագիր» 29-11-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նողկանք է ապրում Թուրքիայի վարչապետ Էրդողանի նկատմամբ: Այդ զգացողության մասին Ալիեւը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բեռնսի հետ հանդիպման ժամանակ, որի մասին հաղորդում է դիվանագետ Դոնալդ Դուն: Դրանք այն մանրամասների մեջ են, որոնք հրապարակել է WikiLeaks կայքը, բացահայտելով ամերիկյան դիվանագետների ներքին գրագրությանը վերաբերող փաստաթղթերը: Ալիեւի եւ Բեռնսի հանդիպումը տեղի է ունեցել 2010 թվականի փետրվարին:
Ինչպես նշվում է փաստաթղթում, Ալիեւը հստակ հասկացնել է տվել, որ նողկանք է ապրում Էրդողանի կառավարության հանդեպ, ընդգծելով Թուրքիայի արտաքին քաղաքականության միամտությունը եւ դրա նախաձեռնությունների ձախողումը, ներառյալ Թուրքիայի միջազգային բարեկամների կորուստը Իսրայելի հետ հարաբերության վատթարացման պատճառով: Ալիեւի կարծիքով, Էրդողանի կառավարության «չափավոր իսլամիզմը» եւ Գազայի ու Համասի հետ հարաբերության ակտիվացումը Թուրքիային որեւէ շահեկան բան չի բերել:

Անդրադառնալով Ռուսաստանին գազ մատակարարելու Ադրբեջանի որոշմանը, Ալիեւը նշել է, որ այն ոչ միայն Մոսկվայի խնդրանքով է պայմանավորված եւ լավ գնով, այլ նաեւ «մեր թուրք բարեկամներին» ցույց տալու համար, որ իրենց թույլ չեն տա դառնալ գազի բաշխման կենտրոն:
Էներգետիկ գործակցությունը մեկնաբանելով, Ալիեւը նշել է, որ եթե Թուրքիան դրսեւորի «կառուցողական մոտեցում», ապա այս տարի գազի տարանցման գործարքը կկայանա: Դրա հետ մեկտեղ Ալիեւը հասկացնել է տվել, որ փաստաթղթը չի ստորագրվի մինչեւ ապրիլի 24-ը: Նա նաեւ անհանգստություն է հայտնել, որ ռուս-թուրքական գործակցության ակտիվացումը կարող է լինել այդ գորարքի խոչընդոտներից մեկը: Նրա խոսքով, Թուրքիայի էներգետիկայի նախարարը ուղիղ հայտարարել է Բաքվում. «ԻՆչու եք դուք ուզում քանդել մեր հարաբերությունը Ռուսաստանի հետ: Ձեզ իսկապե՞ս պետք է Nabucco-ն»:

No comments:

Post a Comment