Tuesday, November 16, 2010

Իրաքում հայ է սպանվել

Tert.am. 16-11-2010- Իրաքում շարունակվող բռնությունների ալիքի հետևանքով երկուշաբթի օրը զոհված 7 անձանցից 2-ը քրիստոնյաներ են, այդ թվում մեկը` հայ, հաղորդում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը:
Ինչպես հայտնում է «Ազատությունը», քրիստոնյաների վրա հարձակումը տեղի է ունեցել հյուսիսային Մոսուլ քաղաքում: Հրացաններով զինված անձինք, սպանելով Ասորի կաթոլիկ եկեղեցու դավանորդին և նրա հայ բարեկամին, փախուստի են դիմել:
Զոհված քրիստոնյաների ինքնության մասին «Ֆրանսպրես»-ը հաղորդում է միայն, որ հայը ատաղձագործ էր, իսկ նրա բարեկամը աշխատում էր նահանգային հակակոռուպցիոն գրասենյակում:
«Ֆրանսպրես»-ը նշում է, որ վերջին շրջանում Իրաքում ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում հարձակումներ քրիստոնյաների դեմ: Մասնավորապես, անցած շաբաթ մայրաքաղաք Բաղդադում ակնհայտորեն քրիստոնյաների դեմ ուղղված հարձակման հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել 33 մարդ, իսկ դրանից էլ մեկ շաբաթ առաջ Իրաքի մայրաքաղաքի կաթոլիկ եկեղեցում պատանդառված հարյուրավոր հավատացյալներին ազատելու գործողության ժամանակ մոտ վեց տասնյակ մարդ է զոհվել:
Մինչև 2003 թվականի Իրաքյան պատերազմը երկրում ապրող շուրջ 800 հազար քրիստոնյաներից Իրաքում այժմ մնացել են շուրջ 500 հազարը, ինչը բացատրվում է քրիստոնեական համայնքի և եկեղեցիների դեմ պարբերաբար տեղի ունեցող ոտնձգություններով:

No comments:

Post a Comment