News.am. 3-11-2010- Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ինչ-որ առաջընթացի կարելի է սպասել միայն դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի Բեռլինի Բերտոլդ Բեյցի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ռարը:Միաժամանակ, նա նշեց,որ դա, ամենայն հավանականությամբ, կլինի հռչակագրային հայտարարությունը, որը կողմերին կոչ կանի լուծում գտնել ԼՂ խնդրին, քանի որ միջազգային հանրությունը չի կարողանում կշեռքի նժարը թեքել այս կամ այն կողմը:
«Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների Աստրախանի եռակողմ հանդիպումը ցույց տվեց, որ կողմերը հավատարիմ են խնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելուն, սակայն, ցավոք, կողմերը պատրաստ չեն գնալ փոխզիջումների»,- նշեց փորձագետն ու հավելեց, որ ներկայումս միջազգային հանրությունը հակված է պաշտպանել ԼՂ գոտում ստեղծված ստատուս-քվոն:
Միաժամանակ Ռարն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում միակ լուծումը Ղարաբաղին ինքնիշխանություն տալն է: «Բայց դժվար է ասել, թե երբ դա կլինի, քանի որ հիմա կողմերը փոխզիջումների պատրաստ չեն գնալ»,- ընդգծեց նա:
No comments:
Post a Comment