Saturday, November 20, 2010

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները կարևորում են ազատ, անկախ ու ժողովրդավարական Ղարաբաղի գոյությունը

Tert.am. 20-11-2010- Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին ելույթով հանդես է եկել Օրենջ Քաունթիի Միջազգային հարաբերությունների խորհրդում:
Ելույթից հետո երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին։
Միջոցառմանը մասնակցել են Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդ և հանդիպել նրա անդամների հետ՝ խորհրդի նախագահ Էրիկ Գարսետիի գլխավորությամբ:
Երկրի ղեկավարը մասնակցել է քաղաքային խորհրդի նիստին և իր խոսքում շնարհակալություն հայտնել Լոս Անջելեսի իշխանություններին՝ մեր հայրենակիցների հանդեպ ունեցած վերաբերմունքի, հայ ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը սատարելու համար։
Ելույթներով հանդես են եկել նաև քաղաքային խորհրդի անդամները: Ողջունելով Արցախի Հանրապետության նախագահին` նրանք ընդգծել են, որ կարևորում են ազատ, անկախ ու ժողովրդավարական Ղարաբաղի գոյությունը: Նրանց խոսքով` Արցախի և Միացյալ Նահանգների պատմության և պետականաշինության մեջ կան բազմաթիվ ընդհանրություններ, ինչը ավելի լավ հեռանկարներ է ստեղծում երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորացման համար:
Միջոցառումներին ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, պաշտոնատար այլ անձինք։
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է նաև Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդարան և հանդիպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, ծխական խորհրդի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նախագահը կարևոր է համարել թեմի նոր` Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի կառուցումը` նշելով, որ այս եկեղեցին ոչ միայն հայ ճարտարապետության կոթողներից մեկն է, այլ նաև մեծ դերակատարություն կունենա Սփյուռքում ազգապահպանության գործում:
Հանդիպման ժամանակ արծարծվել են Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին և Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ներդրումը Արցախին սատարելու գործում։

No comments:

Post a Comment