Monday, November 22, 2010

Սասուն Միքայելյանի հողը տալիս են Արա Աբրահամյանի եղբորն ու արաբ շեյխի՞ն

Tert.am. 22-11-2010- ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի են դուրս եկել Կոտայքի մարզի բնակիչները՝ դեմ արտահայտվելով կառավարության՝ ընթացիկ տարվա փետրվարի 25–ի որոշմանը։ Այդ որոշմամբ՝ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի 100 բնակչի պատկանող հողերը համարվել են հանրային գերակա շահ։ Այդ անձանց թվում է նաև քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, որի 1,5 հեկտար հողատարածքը նույնպես հանրային գերակա շահ է ճանաչվել, այնինչ 2006–ի կառավարության որոշմամբ այդ հողատարածքը հատկացվել էր Սասուն Միքայելյանին՝ փոքր հիդրոէլէկտրակայան կառուցելու նպատակով։
Վարչապետին ուղղված դիմում-բողոքով գյուղացիները պահանջում են չեղյալ համարել կառավարության այս տարվա փետրվարի 25–ի որոշումը և գյուղացիներին վերադարձնել իրենց հողերը։
Ըստ գյուղացիներին հասած լուրերի՝ վերոնշյալ հողատարածքներում Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը՝ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության անդամ Գագիկ Աբրահամյանը, արաբ շեյխերից մեկի օգնությամբ մտադիր է այդ տարածքներում ջրերի գործարան կառուցել։
«Փաստորեն Հայաստանում արաբ շեյխի շահն ավելի գերակա է, քան հասարակ գյուղացիներինը։ Հայաստանում խլում են Սասուն Միքայելյանի հողերը, այնինչ այդ մարդը ազատագրել է Հայաստանի հողերը»,– լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչ լրագրող Թագուհի Թովմասյանը։ Ըստ նրա ՝ ՀՀ կառավարության որոշումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ իրենց հայցադիմումը և՛ վարչական, և՛ վճռաբեկ դատարանները մերժել են։ Առաջիկայում նրանք պատրաստվում են դիմել Եվրադատարան, եթե, իհարկե, կառավարությունը չվերանայի իր այդ որոշումը։
Ակցիայի կազմակերպիչներն իրենց հետ բերել էին «Արա Աբրահամյանի և նրա եղբայրների հարուստ թաթիկները հասել են քաղբանտարկյալների և գյուղացիների ունեցվածքին», «Ո՞ւմ շահն է գերակա՝ շեյխի՞, թե՞ ժողովրդի», «Սասուն Միքայելյանը մեր երկրի հողերն է ազատագրել, իսկ դուք նրանից իր հողն եք խլում» բովանդակությամբ պաստառներ։
Սասուն Միքայելյանի լիազոր ներկայացուցիչ Հակոբ Ավագումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կառավարության որոշման ընդունումից հետո գյուղացիների հաշվեհամարներին փոխանցվել է հողի դիմաց վճարվող գումարը՝ առանց հաշվի առնելու գյուղացիների կարծիքը՝ ցանկանո՞ւմ են արդյոք իրենց հողերը վաճառել, թե՞ ոչ։ Ավելին, նա նշեց, որ հողերը շուկայականից ավելի ցածր գներով են գնել, օրինակ Սասուն Միքայելյանի 1,5 հեկտար էներգետիկ նշանակության հողատարածքի դիմաց վճարվել է 3 մլն 200 հազար դրամ, ինչը շուրջ 10 անգամ ցածր է իրական շուկայական արժեքից։
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ եթե, իհարկե, կառավարությունն այդ որոշումը չվերանայի, իրենք հաջորդ երկուշաբթի կրկին հանդես կգան բողոքի ակցիայով։ «Մենք գնալու ենք մինչև վերջ»,- ասացին նրանք։

No comments:

Post a Comment