Wednesday, November 17, 2010

ԻՆՉ ՆԿԱՏԻ ՈՒՆԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

«Լրագիր» 17-11-2010 - “Այսպիսով, մենք պետք է հիմնավորապես կառուցենք ու վերակառուցենք մեր տունը: Նրա բնակիչները պետք է պաշտպանված լինեն ռազմական, իրավական եւ սոցիալական առումներով: Մենք պետք է շարունակաբար ամրանանք` դրսեւորելով տասը միլիոն հայերի համերաշխությունը”, Մոսկվայում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած “Հայաստան” համահայկական հիմնադրամի ճաշկերույթի ընթացքում հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Իրականում, այդ հայտարարության անկեղծության աստիճանը ներկայում Հայաստանում առկա իրավիճակն է, երբ օրինակ 10 միլիոն հայերից մեկը` Նիկոլ Փաշինյանը, քաղաքական հայացքների համար գտնվում է բանտում եւ ենթարկվում հոգեբանական ու ֆիզիկական բռնության, երբ այդ 10 միլիոն հայերից մի քանիսը` Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները, ոստիկանության բռնությանն ու ծեծին են ենթարկվում այն բանի համար, որ պիկետ են անում մարդու իրավունքի թեմայով Եվրամիության ֆորումի առաջ, երբ այդ 10 միլիոն հայերից մի քանիսը սպանվում եւ “ինքնասպանվում” են բանակում, իսկ այդ ամենի մեղավորների պատասխանատվությանը հետամուտ լինելու փոխարեն, գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարում է, որ զզվում է բանակի թեման շահարկողներից, առանց գոնե ներողություն խնդրելու այդ զոհված հայերի ծնողներից:

Այդպե՞ս է Հայաստանի իշխանությունն ապահովում հայերի իրավական եւ սոցիալական պաշտպանությունը: Երբ երկրում բնակչության եկամուտները մնում են նույնը կամ նվազում, իսկ գներն աճում են գրեթե ամեն օր: Ընդ որում, աճում են թե ներկրվող, թե տեղում արտադրվող ապրանքատեսակների գները, աճում են բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների գները, մասնավորապես բուժօգնության եւ բուժզննման: Աճում են նաեւ հարակից ծախսերը, քանի որ իշխանությունը որոշում է կիրառել պարտադիր ավտոապահովագրություն, դրանով եկամտաբեր դարձնելով ապահովագրական շուկան, որտեղ, ինչպես եւ ցանկացած այլ ոլորտում, եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալի մասով գերակայում են իշխանական եւ մերձիշխանական շրջանակներին պատկանող ապահովագրական ընկերությունները: Այսինքն, բիզնեսի եւս մի եկամտաբեր ճյուղ, որը կապահովվի քաղաքացիներին վճարումներ պարտադրելու միջոցով:

Հայաստանում սոցիալական պաշտպանվածության խնդիրը “հիանալի” լուծում են հարկային ու մաքսային այն օրենսդրական փաթեթները, որոնք իրականում լրացուցիչ բեռ են դառնում փոքր ու միջին բիզնեսի համար, այն օրինագծերը, որոնք մոնոպոլացման կամ առնվազն խոշորացման իրական հնարավորություններ են բացում տնտեսական գործունեության այնպիսի ոլորտների համար, ինչպիսին հաշապահությունն ու աուդիտորական գործունեությունը:

Սոցիալական պաշտպանվածության իրական որակի մասին է խոսում այն, որ իշխանությունը, այդ թվում եւ այն մեծահարուստների օգնությամբ, որոնց առաջ ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը, մտածում է ոչ թե հանրակրթական համակարգի որակական աճի մասին, այլ փորձում է ընդամենը բացել ինչ որ օտարալեզու էլիտար դպրոցներ: Դա իհարկե նույնպես պաշտպանվածության հարց է, պարզապես սեփական երեխաներին սոցիալապես անապահով խավի երեխաների հետ շփումներից պաշտպանելու հարց:

10 միլիոն հայերի համերաշխության մասին մտածելուց առաջ թերեւս ավելի պրակտիկ կլինի մտածել Հայաստանում ապրող երեք միլիոն հայերի համերաշխության մասին: Իսկ այդ մասին մտածելու պրակտիկ արդյունքի համար հարկավոր է, որ երկրում որակյալ կյանքի հնարավորություններ ստեղծվեն ոչ թե “էլիտար” խմբերի, այլ հասարակական բոլոր խավերի համար: Անհրաժեշտ է, որ իրավունք ապահովվի ոչ թե “էլիտայի”, նրա զավակների, բարեկամների, ընկերների, ծանոթների, այլ բոլոր քաղաքացիների համար, ինչպես նախատեսված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ:

Ընդհանրապես, համերաշխության համար հեծանիվներ հայտնագործել պետք չէ, պաթետիկ ճառեր ունենալ եւ վերամբարձ ձեւակերպումներով նպատակներ հռչակել պետք չէ: Համերաշխությունն ապահովում են հնարավորությունները: Ապահովեք երկրում բոլոր քաղաքացիների համար ինքնադրսեւորման հավասար հնարավորություններ` ընտրելու եւ ընտրվելու, կարծիք արտահայտելու, բիզնես ծավալելու, ստեղծագործելու, հանգստանալու, եւ դա կդառնա համերաշխության հարթակ: Մնացյալ հարթակները կամ դրանց մասին խոսակցություններն իրականում կեղծ են եւ հիանալի շահարկման առիթ են այն խավի համար, որոնք օգտվում են կյանքի անհավասար հնարավորություններից:

Երբ հնարավորությունները հավասար են, այդ դեպքում արդեն կյանքի անհավասար պայմանները դառնում են օբյեկտիվ, եւ հանրության համար առավել ընկալելի: Մարդիկ տեսնում են, որ ինչ որ մեկը ավելի մեծ հաջողության է հասել ոչ թե սուբյեկտիվ պատճառներով, հովանավորչությամբ, բռնությամբ, այլ սեփական հնարավորությունների արդարացի կիրառումով:

Ահա թե ինչի մասին պետք է մտածի իշխանությունը: Ահա թե ինչն է համերաշխությունը: Համերաշխությունը խաղի հանրայնորեն ընդունելի կանոններն են, որոնք ընդունված է կոչել Սահմանադրություն եւ օրենքներ: Դրանք են պետություն ամրացնում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:

Post a Comment