«Լրագիր» 2-11-2010- Ելույթ ունենալով ԱՊՀ երկրների մեդիա-ֆորումի մասնակիցների առաջ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսել է Հայաստանի եւ Իրանի հարաբերության մասին: Տիգրան Սարգսյանը նշել է դրա կարեւորությունը մեր երկրի համար եւ ասել, որ ելնելով դրանից, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ որոշ մեխանիզմներ, որոնք առաջարկվում են կիրառել Իրանի հանդեպ:Թե ինչ մեխանիզմների մասին է խոսքը, վարչապետը չի մանրամասնել, թեեւ դժվար չէ կռահել, որ խոսքը հավանաբար Իրանի հետ Հայաստանի հարաբերության ծավալների կամ շրջանակների նվազեցման մասին է, այդ երկրի հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքի համատեքստում:
Բայց հետաքրքիր կլինի իհարկե իմանալ, թե կոնկրետ ինչ են առաջարկում Հայաստանին: Այսինքն, Հայաստանին ինչն են արգելում անել: Կարծես թե հայ-իրանական գործակցության չափն ու որակն այն չէ, որ մտահոգություն առաջացնի միջազգային հանրության մոտ: Կարող է արդյոք Հայաստանը Իրանի հետ հարաբերության առումով միջազգային որեւէ լուրջ պահանջի ընդդիմանալ ու ասել, թե ոչ, մեզ այսպես է պետք, մենք այդպես ենք անելու:
Դա մի քիչ կասկածելի է, քանի որ Հայաստանը շատ այլ, նվազ կարեւոր հարցերում չի կարողացել միջազգային հանրությանն ասել “ոչ”: Ինչպես կարող է այդ բանն ասել Իրանի հարցում, որը ռազմավարական առումով խիստ կարեւոր է միջազգային հանրության համար: Խնդիրն այստեղ այն չէ, որ Հայաստանը փոքր երկիր է եւ թույլ է այդպիսի բան ասելու համար: Այդ հարցերը երկրի չափով չէ, որ լուծվում են, այլ իշխանության ամրությամբ: Իսկ Հայաստանի իշխանությունն այդ ամրությունը չունի թեկուզ այն պատճառով, որ թե քաղաքականապես, թե տնտեսապես գրեթե ամբողջությամբ կախված է արտաքին աշխարհից:
Իսկ այդօրինակ կախվածություն առաջանում է այն դեպքում, երբ իշխանությունը մեղմ ասած շփոթում է սեփական շահը երկրի, պետական շահի հետ: Մինչդեռ աշխարհում, այն աշխարհում, որտեղ մեխանիզմներ են մշակվում եւ թելադրվում, այդ բանը չեն շփոթում եւ լավ են հասկանում, թե ինչպես պետք է վարվել այն երկրների հետ, որտեղ իշխանությունները սեփական ու պետական շահերը “շփոթում” են:
Ահա այդ առումով հետաքրքիր է, թե ինչ մեխանիզմ է առաջարկվում Հայաստանին, առաջարկվում է արդյոք ընդհանրապես, թե հայ-իրանական հարաբերությունը միջազգային հանրության համար դեռեւս չի առաջացրել մտահոգիչ հարցեր:
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԸ
ԱՊՀ մեդիա-ֆորումի ընթացքում ունեցած ելույթում Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ եթե Իրանում իշխանության լինի ոչ թե այս վարչակազմը, այլ մեկ ուրիշը, ապա «մենք կունենանք լուրջ բացասական գործընթացներ տարածաշրջանում, որոնք կազդեն ողջ աշխարհի իրավիճակի վրա»:
Հայաստանի վարչապետի այդ հայտարարությունը մեղմ ասած տարօրինակ է: Նա կարող է իհարկե ունենալ իր պատկերացումը Իրանի իշխանության մասին: Բայց նա Հայաստանի վարչապետն է, հետեւաբար անձնական պատկերացումները երեւի թե պետք է պահել նեղ շրջանակների համար, քանի որ նա պետության երրորդ դեմքն է:
Իսկ թե ինչ իշխանություն է պետք Իրանին, Իրանի որ իշխանությունը կայունություն կապահովի այդ երկրի, տարածաշրջանի եւ աշխարհի համար, դա թերեւս ոչ թե Հայաստանի, կամ որեւէ այլ պետության երրորդ, երկրորդ կամ առաջին դեմքի, այլ Իրանի ժողովրդի որոշելիք հարցն է:
No comments:
Post a Comment