Wednesday, November 3, 2010

Արկադի Տեր-Թադեւոսյանը կողմ է ԼՂ անկախության ճանաչմանը, բայց որո՞նք են ԼՂՀ սահմանները

News.am. 3-11-2010- Մենք ուզում ենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց գիտե՞նք, արդյոք Արցախի սահմանները։ Նոյեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսը նման հռետորական հարցով սկսեց գեներալ-գնդապետ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս)՝ միաժամանակ ավելացնելով, որ ինքն անձամբ կողմ է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը։
«Ես կողմ եմ Արցախի ճանաչմանը, քանի որ այդ դեպքում ԼՂՀ անկախությունը, հնարավոր է, կճանաչեն նաեւ բարեկամական մի շարք երկրներ՝ Հունաստանը, Լիբանանը, Սիրիան։ Բայց եթե մենք չենք ճանաչել, ինչո՞ւ պետք է նրանք ճանաչեն»,- նշեց Արկադի Տեր-Թադեւոսյանը։
Վերադառնալով ասուլիսի սկզբում իր կողմից հնչեցված հարցին՝ գեներալ-գնդապետն ասաց. «Մենք ուզում ենք ճանաչել Արցախը, բայց այն իր սահմանները պետք է ունենա։ Հարց է, թե ո՞ր սահմանների մասին է այժմ խոսքը։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախն անկախ հռչակվեց։
Մենք էլ Արցախը գիտենք 91-ի սահմաններով։ Հետո 1994-ի մայիսին կնքվեց հրադադարը։ Այդ համաձայնագրում մենք նկատի ունեինք, որ հրադադարը պետք է սահմանվի ազատագրված բոլոր տարածքներում։ Իսկ հիմա ի՞նչ սահմանների մասին են խոսում, ի՞նչ զիջումների են գնում»,- հարց հնչեցրեց Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ որպես զինվորական ինքը միանշանակորեն ընդունում եւ ճանաչում է 1994-ի սահմաններով Արցախը եւ այն չի պատկերացնում առանց Քելբաջարի եւ Լաչինի միջանցքի։
Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի կարգավորմանը, Կոմանդոսը նկատեց, որ այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ «Սակայն Մինսկի խմբի վերջին հայտարարությունները Հայաստանի օգտին չեն, քանի որ այնտեղ սկսել են օգտագործվել «օկուպացված տարածքներ», «Ստեփանակերտ/Խանքենդի», «ԼՂ ձեւական իշխանություններ» արտահայտությունները։ Իսկ ընդհանրապես, հակամարտության լուծման վերջը եւ անգամ տարբերակները ես անձամբ չեմ տեսնում»,- ամփոփեց գեներալ-գնդապետը։

No comments:

Post a Comment