Monday, November 22, 2010

«Ու՞մ շահն է գերակա՝ շեյխի՞, թե՞ ժողովրդի». Բողոքի ակցիա կառավարության շենքի առաջ

News.am. 22-11-2010- Կառավարության շենքի առաջ րոպեներ առաջ մեկնարկել է ՀՀ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի բնակիչների բողոքի ակցիան, որին մասնակցում է երկու տասնյակից ավելի մարդ: Նրանք բողոքում են ՀՀ կառավարության 2010 թ. փետրվարի 25-ին ընդունված թիվ 241-Ն որոշման դեմ, որով բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել այն հողատարածքները, որոնք կառավարությունը ժամանակին որպես սեփականություն տրամադրել է գյուղացիներին: Որոշման իրագործման դեպքում համայնքի շուրջ 136 բնակիչներ կզրկվեն իրենց սեփականություն հանդիսացող հողակտորից: Նշենք, որ այդ հողատարածքի մի մասի սեփականատերը քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն է, ով մտադիր էր այդ վայրում հիդրոէլեկտրակայան կառուցել եւ ուներ Կառավարության համապատասխան թույլտվությունը:
Բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված այդ տարածքը տրամադրվել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ին` այդ տարածքում քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման ու շշալցման գործարան կառուցելու համար: ՍՊԸ-ն պատկանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբորը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանին եւ արաբ մի մեծահարուստի:
Նշենք, որ ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել կառավարության որոշումը: Նրանք ակցիային մասնակցում են «Արա Աբրահամյանի եւ նրա եղբայրների հարուստ թաթիկները հասել են քաղբանտարկյալների եւ գյուղացիների ունեցվածիքն», «Ում շահն է գերակա՝ շեյխի՞, թե՞ ժողովրդի», «Սասուն Միքայելյանը մեր երկրի հողերն է ազատագրել, իսկ դուք նրանից հող եք խլում» ցուցապաստառներով: Քիչ առաջ ցուցարարների հետ է հանդիպել կառավարության ներկայացուցիչը, ում միջոցով վարչապետին է փոխանցվել համապատասխան նամակ-դիմում: Նամակ-դիմումը, ցուցարարների հավաստմամբ, ուղարկվել է նաեւ Եվրադատարան:


No comments:

Post a Comment