«Լրագիր» 22-11-2010- Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունենալով Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ Վեհաժողովին եւ անդրադառնալով Աֆղանստանում առկա իրավիճակին, ասել է, որ այն մտահոգում է ամբողջ աշխարհին, եւ Հայաստանն այդ նկատառումներից ելնելով է միացել Աֆղանստանում ՆԱՏՕ առաքելությանը: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ելնելով խնդրի կարեւորությունից, Հայաստանը պատրաստ է ավելացնել իր մասնակցությունն Աֆղանստանում ՆԱՏՕ առաքելությանը:Ըստ ամենայնի, Հայաստանի արտգործնախարարն այդպիսով փորձել է որոշակի ժեստ անել Արեւմուտքի ուղղությամբ եւ մեղմել Սերժ Սարգսյանի դեմարշը Լիսաբոնի Վեհաժողովի հանդեպ: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը հրարվեց մասնակցել Լիսաբոնում նոյեմբերի 19-20 տեղի ունեցած ՆԱՏՕ Վեհաժողովին, իսկ նախագահի նստավայրը հայտարարեց, որ դրա պատճառը Վեհաժողովի հռչակագրի նախագծում տարածաշրջանային հակամարտությունների մասին ընդհանրական ձեւակերպումն է, որտեղ հիշատակվում է միայն տարածքային ամբողջության սկզբունքը:
Հավանաբար կատարելով այդ դեմարշը, Սերժ Սարգսյանն այդուհանդերձ մտավախություն է ունեցել, որ Արեւմուտքը կարող է լուրջ ընդունել դեմարշը եւ այդ իսկ պատճառով հանձնարարել է արտգործնախարար Նալբանդյանին պատրաստակամություն հայտնել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը Հայաստանի մասնակցության ընդլայնման կապակցությամբ: Այդպիսով պաշտոնական Երեւանը թերեւս փորձել է ցույց տալ, որ չնայած դժգոհ է հռչակագրից, այդուհանդերձ ամենեւին էլ չի խռովել Արեւմուտքից:
No comments:
Post a Comment