Tert.am. 16-11-2010- Վերջին շրջանում Իրաքում բնակվող քրիստոնյաներն իրենց դեմ իրականացվող հարձակումների հետևանքով սկսել են հոծ խմբերով գաղթել Թուրքիա: Այս մասին է գրում ֆրանսիական Le Figaro թերթը` նշելով, որ ամեն օր տասնյակ քրիստոնյաներ են ժամանում Թուրքիա:Թուրքիայում քելդանիների և ասորիների հոգևոր առաջնորդ Ֆրանչոիս Յաքանը, ով Իրաքից ժամանող գաղթականներին աջակցություն ցուցաբերելու համար ստեղծել է միություն, Le Figaro-ի հետ հարցազրույցում նշել է, որ օրեցօր մեծանալու է քրիստոնյաների հոսքը Թուրքիա:
«Յուրաքանչյուր օր տասնյակ մարդիկ են գալիս: Սակայն ենթադրում ենք, որ նրանց թիվը կաճի` հասնելով 150-ի: Նախորդ երեկոյան երեք հոգուց բաղկացած մի ընտանիք էր ժամանել: Բոլորի ձեռքին ճամպրուկ կար: Դա ուղղակի ահավոր է»,- ասել է Յաքանը` ավելացնելով, որ օրեր առաջ գրոհայինները հերթական անգամ հարձակվել են մի քրիստոնյայի տան վրա` սպանելով երկու հոգու:
Ֆրանսիական պարբերականի հետ հարցազրույցում Թուրքիա գաղթած մի քրիստոնյա կին նշել է, որ իրենք Իրաքում չէին կարողանում ընդհանրապես փողոց դուրս գալ և դարձել էին թիրախ:
«Մենք Իրաքում այլևս չէինք կարողանում փողոց դուրս գալ: Տաբատ կրելու և գլխաշոր չկրելու պատճառով թիրախ էինք դարձել»,- ասել է կինը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին մոտ երեք տասնյակ գրոհայիններ հարձակվել էին Բաղդադի գլխավոր կաթոլիկ եկեղեցու վրա և պանտանդ վերցրել 120 մարդու: Պատանդառուները պահանջում էին ազատ արձակել Եգիպտոսում և Իրաքում բանտարկված «Ալ Ղաիդայի» ահաբեկիչներին: Իրաքյան և ամերիկյան ուժերի կողմից պատանդներին ազատելու գործողության ժամանակ զոհվել էր 52 մարդ և վիրավորվել մոտ 70 մարդ:
No comments:
Post a Comment