Monday, November 29, 2010

Wikileaks-ը հրապարակեց գաղտնի փաստաթղթերը. Ալիևը՝ Հայաստանի, Արցախի, Մեդվեդևի և Պուտինի մասին

Tert.am. 29-11-2010- Wikileaks-ը ժամեր առաջ հրապարակել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությանը պատկանող 250 հազար գաղտնի փաստաթղթեր: Այդ նյութերի հրապարակման պահին Wikileaks-ը ենթարկվել է հաքերային հարձակման, ինչի մասին կայքը տեղեկացրել է Twitter սոցիալական ցանցի միջոցով: Այդ պատճառով գաղտնի փաստաթղթերը հրապարակվել են բրիտանական Guardian, ամերիկյան New York Times, գերմանական Der Spiegel, իսպանական El Pais և ֆրանսիական Le Monde պարբերականների կայքերում:
ԱՄՆ-ի պետքարտուղարությանը պատկանող և 2004 թվականից մինչև 2010թ. մարտն ընկած ժամանակահատվածին վերաբերող այդ գաղտնի փաստաթղթերը ինֆորմացիա են պարունակում նաև Թուրքիայի, Իսրայելի, Իրանի, Ադրբեջանի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Այդ տեղեկությունները բրիտանական Guardian պարբերականից թուրքերենով իր կայքում տեղադրել է Hurriyet օրաթերթը, և այն որոշ կրճատումներով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
2007թ. օգոստոսի 31-ին թվագրված մի փաստաթղթում նշվում է, որ նույն թվականի օգոստոսի 17-ին հանդիպել են իսրայելական Mossad գաղտնի ծառայության ղեկավար Մեիր Դագանը և Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Բիլ Բըրնսը: Հանդիպման ընթացքում պաշտոնյաները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և հատկապես կենտրոնացել են Իրանի խնդրի վրա: Հանդիպման ընթացքում Բըրնսը և Դագանն անդրադարձել են նաև Թուրքիային: Mossad-ի ղեկավարը ԱՄՆ փոխպետքարտուղարին ասել է, որ Թուրքիայում աստիճանաբար թափ են հավաքում իսլամիստները և տարակուսել, թե իրեն աշխարհիկ կարգերի պահապանը համարող թուրքական բանակը մինչև երբ է պատրաստվում լուռ մնալ:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա Դագանը հայտարարել է, թե Իրանում ուժի միջոցով ռեժիմի փոփոխության համար անհրաժեշտ է անել ավելին:
2010թ. փետրվարի 25-ին թվագրված փաստաթղթում տեղ են գտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Բիլ Բըրնսի միջև կայացած հանդիպման մանրամասները: Փաստաթղթում նշվում է, որ Ալիևը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հասցեին շատ կոպիտ, փողոցային ժարգոնով է արտահայտվում: Նույն կերպ Ադրբեջանի նախագահը խոսում է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած բանակցային գործընթացի և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին:
Ալիևը Բըրնսին ասում է, թե ապրիլի 24-ը որպես դամոկլյան սուր ճոճվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-թուրքական մերձեցման գործի գլխին: Բացի այդ, Ալիևն առաջարկում է, որպեսզի հայ-թուրքական գործընթացը քննարկվի ապրիլից հետո` ղարաբաղյան հիմնախնդրի հարցում առաջընթաց ապահովելու համար: Ադրբեջանի նախագահն ԱՄՆ պետքարտուղարին ասում է նաև, որ իրենք պատրաստ են ավելի ճկուն լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, փոխարենը Միացյալ Նահանգները պետք է մեծացնի ճնշումը Հայաստանի վրա:
Փաստաթղթում նշվում է նաև, որ Ալիևն ասել է, թե ինքը զգում է, որ Մեդվեդևի և Պուտինի միջև հակասություններ կան, և ՌԴ նախագահի ու վարչապետի համար ադրբեջաներենով ասել է. «Երկու գլուխ մեկ կաթսայում չի եփվի»:
Հանդիպման ընթացքում Բըրնսը Միացյալ Նահանգների անունից կարծիք է հայտնում, թե Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը քաղաքական հող է նախապատրաստելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Երևանի` ավելի ճկուն գործելու համար:
Հանդիպման ընթացքում Ալիևը Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարին պատմում է Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի` Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահին տված խորհրդի մասին: Ըստ Ալիևի` Յըլդըզն ասել է. «Ինչո՞ւ եք փչացնում ձեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մի՞թե իրականում Nabucco-ի կարիքն ունենք»:
Ինչ վերաբերում է ադրբեջանա-իրանական հարաբերություններին, ապա Ալիևը դրանք որակում է լարված և անկայուն: Ալիևը հայտարարում է նաև, որ Իրանը շարունակում է քաղաքական սադրանքներն Ադրբեջանի դեմ:
Բըրնսի հետ հանդիպման ընթացքում Ալիևը խոսում է նաև Ռուսաստանի հետ կնքված գազային համաձայնագրի մանրամասների մասին: Ըստ Ալիևը` ադրբեջանական կողմը գնացել է այդ քայլին, որպեսզի թույլ չտա Թուրքիային դառնալ էներգետիկ կենտրոն:

No comments:

Post a Comment