Friday, December 24, 2010

Հայոց ցեղասպանության բանաձեւը ԱՄՆ Կոնգրեսում կներկայցվի նաեւ 2012 թվականին. խոստանում է կոնգրեսականը

News.am. 23-12-2010- Ամերիկայի Հայկական Համագումարն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւը օրակարգում չընդգրկելու հարցին: Համագումարի հաղորդագրության մեջ նշվում է.
«ԱՄՆ 111-րդ Կոնգրեսի աշխատանքի վերջին օրերին, երբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի անցկացման փորձերն ակնհայտ դարձան, թուրքական լոբիինգը սկսեց դիմադրել, եւ Թուրքիայի Վարչապետ Էրդողանը նամակ գրեց նախագահ Բարաք Օբամային` զգուշացնելով բանաձեւի քվեարկության հետեւանքների մասին: Նամակին հետեւեց նախագահ Օբամայի հեռախոսազանգը Էրդողանին, երբ WikiLeaks-ի կողմից թուրքական իշխանության վերաբերյալ կարեւոր տեղեկություններ հրապարակվեցին:
Երեկ, երբ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց մինչեւ մյուս տարվա մարտի 4-ը կառավարության ֆինանսավորման օրինագծին, Կոնգրեսի անդամներից մոտավորապես 100-ը մեկնեցին տուն Սուրբ Ծնունդի տոնը նշելու` էլ ավելի նվազեցնելով քվեարկության հնարավորությունը: Միաժամանակ Թուրքիան ներազդում էր Կապիտոլիումի վրա, քանզի ամերիկյան ռազմական ընկերության հետ բանակցություններ էին ընթանում հնարավոր բազմամիլիոն արժողությամբ զենքի վաճառքի համաձայնության շուրջ:
«Մենք ողջունում ենք բանաձեւը հովանավորող կոնգրեսական Ադամ Շիֆի ակտիվությունը, նաեւ հատկապես երախտապարտ ենք խոսնակ Նենսի Փելոսիին իր տոկուն գործունեության համար, ինչպես նաեւ շնորհակալ ենք Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Ստենի Հոյերին, ով Դեմոկրատների կոնգրեսական քարոզարշավի հանձնախմբի ղեկավար եւ Սպիտակ տունը ներկայացնող կոնգրեսական Քրիս Վան Հոլենի հետ միասին ղեկավարեց եւ աջակցեց ողջ գործընթացին»,- նշել է գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
«Ողջ երկրի Ամերիկայի Հայկական Համագումարի ղեկավարների եւ ակտիվիստվերի անունից Համագումարը երախտապարտ է ակտիվիզմի հսկայական ցուցադրման եւ համայնքի տոկուն ջանքերի համար, քանի որ միասին մենք մեր ձայնը լսելի դարձրեցինք Կապիտոլիումում»,- նշել է Համագումարի Համայնքների հետ աշխատանքների գծով տնօրեն Դանիել Քուշակջյանը:
Ուշադրությունն այժմ սեւեռվում է նախագահ Օբամայի վրա, որ իրականացնի իր խոստումը դառնալ «այն առաջնորդը, ով ճշմարիտ կխոսի Հայոց ցեղասպանության մասին եւ հստակորեն կարձագանքի բոլոր ցեղասպանություններին»: Քանի որ նախագահ Օբաման գործածել է Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, ինչպես նաեւ Մեծ Եղեռն, այս վարչակազմը գիտակցում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելը Թուրքիայի շահերից էլ է բխում առաջ շարժվելու համար: Վարչակազմը նաեւ չի ցանկանում հակառակվել պատմությանն ու մարդու իրավունքներին: Ինչպես նախկին սենատոր Հիլարի Ռոդհեմ Քլինթոնն է նշել. «Մեր համայն բարոյականությունը եւ մեր ժողովրդի իրավունքը հանդես գալ որպես մարդու իրավունքների պաշտպան մեզ ստիպում է երաշխավորել, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու հիշատակումը կգտնի Կոնգրեսի եւ Միացյալ Նահանգների նախագահի կողմից»:
Կոնգրեսական Ադամ Շիֆը` բանաձեւի հովանավորը, մտադրություն է հայտնել նորից ներկայացնել բանաձեւը մյուս Կոնգրեսի ընթացքում, որը սկսվելու է 2012 թվականի հունվարի 5-ին:

No comments:

Post a Comment