Saturday, January 22, 2011

«Ցեղասպանության հարցում թույլ տված սխալն ուղղելուն միտված քայլ». թուրքական մամուլը՝ Կիրշների այցի մասին

Tert.am. 21-1-2011- Պաշտոնական այցով Անկարա ժամանած Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները երեկ հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկյացնում են թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ վերջին 19 տարիների ընթացքում դա Արգենտինայի նախագահի մակարդակով առաջին այցն է Թուրքիա։
Հանդիպումների ընթացքում կողմերը մասնավորապես քննարկել են թուրք–արգենտինական հարաբերությունները և ստորագրել երեք համաձայնագրեր՝ երկու երկրների դիվանագիտական ակադեմիաների միջև համագործակցության մասին, միջկառավարական համագործակցության մասին և Թուրքիայի և Արգենտինայի միջև ավիափոխադրումների մասին։
Թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցները, անդրադառնալով Արգենտինայի նախագահի՝ Թուրքիա կատարած այցելությանը, հիշեցնում են անցած տարի Թուրքիայի վարչապետի արգենտինյան այցելության չեղյալ հայտարարման մասին։
Թուրքական Hurriyet օրաթերթը՝ «Արգենտինայի կողմից Ցեղասպանության հարցում թույլ տված սխալն ուղղելուն միտված քայլ» խորագրով հոդվածում գրում է, որ Կիրշների այցելությունը հետապնդում է «Արգենտինայի և Թուրքիայի միջև Հայոց ցեղասպանության պատճառով առաջացած լարվածությունը լիցքաթափելու և թուրք–արգենտինական հարաբերությունները բարելավելու նպատակ»։
Հիշեցնենք, որ անցած տարի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ էր հայտարարել լատինաամերիկյան շրջագայության շրջանակում Արգենտինա նախատեսված այցելությունը, քանի որ արգենտինահայ համայնքի ջանքերի շնորհիվ Բուենոս Այրեսի իշխանությունները հրաժարվել էին քաղաքի հրապարակներից մեկում տեղադրել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը։

No comments:

Post a Comment