Tert.am. 25-1-2011- Շառլ Ազնավուրն ընտրություններից առաջ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ շանտաժի է ենթարկում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին։ Թուրքական մամուլի, մասնավորապես Milliyet և Hurriyet թերթերի կողմից նման կերպ է բնութագրվել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի՝ ֆրանսիական Le Dauphine պարբերականին արած հայտարարությունը։Հարցազրույցի ընթացքում Ազնավուրն ընդգծել է, որ ֆրանսահայ հանրությունը միայն երկու ամիս առաջ Wikileaks–ի հրապարակած փաստաթղթերից իմացել է, որ Նիկոլա Սարկոզին թուրք պաշտոնայներին երաշխիքներ է տվել, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ֆրանսիական Սենատում չի անցնելու։
Ազնավուրը հայտարարել է նաև, որ Սարկոզին նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ օրինագծի առնչությամբ ֆրանսահայերին տված խոստումները նախագահ դառնալուց հետո անտեսել է։ Նշելով, որ Ֆրանսիայում ապրում են ավելի շատ հայեր, քան թուրքեր, շանսոնյեն Սարկոզիի և ֆրանսիացի քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ 2012թ. ընտրությունների ժամանակ կարող են կորցնել հայ էլեկտորատի աջակցությունը, ինչի վրա կարող է ազդեցություն ունենալ նաև ինքը։
Ազնավուրը նշելով, որ նման հայտարարություններով ինքը ռիսկի տակ է դնում իր կյանքը, միևնույն ժամանակ ասել է. «Ես իմ կյանքն ապրել եմ և իմ կյանքն այնքան երկար չէ, որ այն կարողանայի ռիսկի ենթարկել»։
No comments:
Post a Comment