News.am. 28-1-2011- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին ելույթները ադրբեջանական կողմին հասկացնել տվեցին, որ Հայաստանը մտադիր չէ Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։«Իհարկե, նախագահի ելույթները կարող են պատճառ դառնալ, որ Ադրբեջանը նոր սադրանքներ հրահրի, սակայն դրանք տեղին են եւ վերականգնում են հաղթած ժողովրդի վստահությունը, դեռ մի բան էլ քիչ են։ Ադրբեջանական կողմին ամեն ինչ պետք է պարզ ասվի, այդպես էլ արվում է։ Նրանք պետք է հասկանան, որ Ղարաբաղը երբեք չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում։ Սյլ պարագայում մենք կկորցնենք ԼՂՀ-ն»,- նկատեց Եղիազարյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին՝ «Արաբոյի» հրամանատարը նկատեց, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը ղարաբաղյան հարցն իր համար մի տեսակ վահան է սարքել։ «Պատերազմի մասին ռազմաշունչ հայտարարություններով եւ այդ վահանով նա պարզապես իր աթոռն է պաշտպանում»,- ամփոփեց Եղիազարյանը։
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2010-ի դեկտեմբերի 2-ին Ղազախստանում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովին հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
No comments:
Post a Comment