Wednesday, April 13, 2011

Վրաց փորձագետ. Հայաստանում տեղակայված ռուսական բազաները Վրաստանի համար վտանգ են ներկայացնում

News.am. 13-4-2011- Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանները Վրաստանի համար վտանգ են ներկայացնում: Այս մասին հայտարարել է Վրաստանի կովկասյան հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն`վրացական «Մեդիանյուզ» գործակալությանը տված հարցազրույցում: Փորձագետի գնահատմամբ, Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված փաստաթուղթը, ըստ որի ռուսական ռազմակայանները Հայաստանի տարածքում կմնան դեռեւս 49 տարի, կխանգարի Վրաստանի անվտանգությանը:
«Այս փաստը Վրաստանին վրդովմունք է պատճառում, որովհետեւ հիշյալ ռուսական ռազմաբազան, ռուս-վրացական պատերազմից հետո անցել է Ռուսաստանի 58-րդ բանակի իրավասության տակ եւ Վրաստանի տարածքում պատերազմական իրադրության ժամանակ, այն ստիպած կլինի հպատակվել հրահանգներին եւ ներգրավվել ռազմական գործողությունների մեջ»,-ընդգծել է վրացի փորձագետը:
Նրա խոսքով`Վրաստանը չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ հենց վաղը, սակայն Վրաստանի համար դժվար ընդունելի է այն հանգամանքը, որ ռուսական ռազմական ուժերը հաստատվել են Հարավային Կովկասում:
Մամուկա Արեշիձեն նշել է նաեւ, որ Հայաստանի կատարած նման քայլը տրամաբանական է, քանի որ ինչպես Վրաստանն է քննարկում ՆԱՏՕ-ին եւ ԱՄՆ-ին մոտ լինելու հարցը, այնպես էլ Հայաստանը կարծում է, որ ռուսական զորքերը կօգնեն իրեն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի կողմից 2010 թվականի օգոստոսի 20-ին ստորագրված պայմանագիրը, որի համաձայն ռուսական ռազմական բազան Հայաստանի տարածքում կմնա եւս 49 տարի:

No comments:

Post a Comment