NEWS.am-ի զրուցակիցն է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
-Հայկական ատոմային էներգաբլոկը գտնվում է ՄԱԳԱՏԵ-ի ամենօրյա մոնիտորինգի տակ: Եթե որեւէ խնդիր լինի` անվտանգության հետ կապված, բնականաբար մենք չենք կարող շահագործել էներգաբլոկը: Ինչ վերաբերում է նոր էներգաբլոկի անվտանգության հետ կապված տարբեր երկրների ներկայացուցիչների մտահոգություններին, ապա մենք բազմիցս հայտարարել ենք, որ օգտագործելու ենք լավագույն տեխնոլոգիաները: Այսինքն, առաջին հերթին անվտանգության հետ կապված տեխնոլոգիաները: Ինչ վերաբերում է ատոմային էներգետիկայից հրաժարվելու հետ կապված որոշ երկրների առաջարկներին ու խորհուրդներին, ապա չեմ կարծում, որ անգամ ճապոնիայի դեպքերը կբերեն դրան: Հայաստանը չի հրաժարվի ատոմային էներգետիկայից: Պետք է մի բան հաշվի առնել` ճապոնական «Ֆուկուսիամայում» առաջացած խնդիրները ոչ թե երկրաշարժի հետեւանք էին, այլ ցունամիի: Եւ բացի այդ` մեր ատոմակայանն արդեն մի անգամ փորձության ենթարկվել է 1988-ի երկրաշարժի ժամանակ եւ շատ լավ է արձագանքել այդ փորձությանը: Եւ երրորդը` Թուրքիան այսօր նույնպես մտադիր է մի քանի էներգաբլոկներ կառուցել, եւ այն տեխնոլոգիաները, որոնք ռուսական կողմն առաջարկել էր Թուրքիային, դրանք նույն հայկական սխեմային համապատասխանող տեխնոլոգիաներ են: Այդ դեպքում Թուրքիան ինչո՞ւ է ցանկանում նման սխեմայով ատմակայան կառուցել:
-Պարոն նախարար, նոր էներգաբլոկի կառուցման անվտանգության ապահովման հետ կապված խնդիրները ո՞ր կազմակերպությունն է հոգալու: Կառուցո՞ղ կազմակերպությունը, թե՞այլ կողմ:
-Նախ պետք է լինի համապատասխան նախագիծը, այն պետք է քննարկվի կառավարությունում, որը պետք է դրան հավանություն տա՝ ներգրավվելով էքսպերտային տարբեր աշխատանքային խմբերի: Երբ մենք հավանություն տանք այդ նախագծին, դրանից հետո կընտրվի այն կազմակերպությունը, որը էներգաբլոկի անվտանգության հետ կապված խնդիրները կլուծի:
-Արդեն իսկ հայտեր ներկայացվե՞լ են:
-Ապրիլի 27-28-ին միջազգային մեծ կոնֆերանս ենք հրավիրել Հայաստանում, որին մասնակցելու համար կհրավիրենք եւ սարքավորումներ արտադրող ընկերություններին, եւ պոտենցիալ ներդրողներին եւ կուսումնասիրենք ներկայացված առաջարկները:
-Պարոն Մովսիսյան, «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո ողջ աշխարհում անհանգստություն տարածվեց, որ հնարավոր է ատոմակայանից հոսող ռադիակտիվ յոդը եւ այլ արտանետումներ, պատուհասեն ողջ մարդկությանը: Որքանո՞վ է Հայաստանն ապահովագրված ռադիացիոն պատուհասից:
-«Ֆուկուսիմայից» արտահոսող ռադիոկտիվ նյութերը, այն քանակով, ինչքանով որ ներկայացվում է, չեմ կարծում, որ վտանգ ներկայացնեն Հայաստանի համար: Իհարկե, պետք է սպասել դեպքերի զարգացմանը, իմանալու համար, թե մինչեւ ի՞նչ քանակի են հասնում արտանետումները: Բայց ինչպես ճապոնական կառավարությունն է հայտնում, պրոցեսն արդեն կառավարելի է դարձել եւ նոր պրոբլեմներ չեն սպասվում:
-Պարոն նախարար, կցանկանայի խոսեինք նաեւ Իրան կատարած Ձեր վերջին այցի մասին: Ի՞նչ էներգետիկ ծրագրեր եք քննարկել հարեւան երկրի կառավարության հետ:
-Քննարկել ենք այն բոլոր ծրագրերը, որոնք այսօր սեղանի վրա են եւ աշխատում ենք դրանց վրա: Գիտեք, որ Իրանում նոր տարին է մեկնարկում եւ քննարկել ենք, թե նոր տարվա կտրվածքով երկու երկրներն ի՞նչ հերթականությամբ եւ սկզբունքով պետք է առաջ տանեն աշխատանքները:
-Իսկ նոր ծրագրեր քննարկե՞լ եք:
-Ոչ, չենք քննարկել: Ընդամենը հերթականության կարգով քննարկել ենք եղած ծրագրերը:
Զրուցեց՝ Հեղինե Մանուկյանը
No comments:
Post a Comment