Monday, April 11, 2011

Հայ ազգային կոնգրեսի պատասխանը «Ժառանգությանը». Մենք փոքր-մոքր բաներով չենք զբաղվում

News.am. 11-4-2011- Հայ ազգային կոնգրեսը փոքր-մոքր բաներով չի զբաղվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի արած հայտարարություններին: Մանուկյանը նշեց, որ հարկ չի համարում մեկնաբանել Հակոբյանի հայտարարությունները, քանի որ «երկիրն ավելի կարեւոր խնդիրներ ունի»:
«Մենք պատրաստվում ենք ապրիլի 28-ի հանրահավաքին, որը շատ լուրջ, կարեւոր իրադարձություն է, Հայաստանի համար ճակատագրական օր: Մենք զբաղված ենք անցնցում, անցավ, համաժողովրդական դաշտում Հայաստանի ապագայի կերտմամբ, ուստի` փոքր-մոքր բաները չեն շեղելու մեր ուղղությունը»,-հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահը: Նա նշեց, որ Հայաստանը գահավիժում է, իսկ ՀԱԿ-ը փորձում է կանգնեցնել այդ գահավիժումը:
«Մնացած բաները, որոնք դրա մեջ չեն, մենք դրանցով չենք զբաղվում»,-նկատեց Մանուկյանն` առաջարկելով ՀԱԿ-ի հետ գնալ գյուղերն ու լսել, թե ինչ է ցանկանում եւ պահանջում ժողովուրդը: Դիտարկմանը, թե ժողովուրդը լսում է նաեւ Ռուբեն Հակոբյանի կոշտ հայտարարությունները ՀԱԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ, ՀԱԿ ներկայացուցիչն արձագանքեց. «Ի~հ»:
Նշենք, որ ապրիլի 11-ին հրավիրված ասուլիսում Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, թե ՀԱԿ-ը պայմանավորվածություն է ձեռք բերել իշխանությունների հետ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ: Նրա խոսքով`ՀԱԿ-ին ձեռնտու է արտահերթ ընտրությունների անցկացումը, քանի որ, եթե լինեն հերթական ընտրություններ, «ՀԱԿ-ից կմնա միայն կամուֆլյաժը»:
Ռուբեն Հակոբյանը հայտարարել է նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գործարքի է գնացել իշխանությունների հետ` մարտի 1-ի 10 զոհերի արյան գնով:

No comments:

Post a Comment