«Լրագիր» 11-4-2011- Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 8-ի հանրահավաքային իր ելույթում ծավալուն անդրադարձ կատարեց այսպես կոչված “երրորդ ուժի” հանգամանքին: Այդ մասին նոր չէ, որ խոսվում է: Այդ խոսակցությունները, տարբեր ուժգնությամբ, ներքաղաքական շրջանառության մեջ հայտնվում են արդեն մոտ երկու տարի: Եթե Տեր-Պետրոսյանը ապրիլի 8-ի հանրահավաքում ծավալուն անդրադարձ է կատարում դրան, ուրեմն ներկա պահին այդ հանգամանքը համարում է իր գլխավորած Կոնգրեսի բավական լուրջ մարտահրավեր: Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ “երրորդ ուժը” անհանգստացած է Կոնգրեսի եւ իշխանության հնարավոր երկխոսության կայացմամբ, որի հետեւանքը, ըստ Տեր-Պետրոսյանի, կարող է լինել արտահերթ ընտրությունը: Բայց, կարծես ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանն էլ անհանգստացած է “երրորդ ուժի” հնարավոր գեներացիայից:Ինչ կարող է տեղի ունենալ այդ դեպքում: Այդ դեպքում իշխանությունը կարող է ստիպված լինել հաշվի նստել այդ երրորդ ուժի հետ եւ նրան էլ ինչ որ պայմաններ կամ կանոններ առաջարկել, ինչը հավանաբար առաջարկում է Կոնգրեսին: Կամ, կարող է ընդունել պայմանների եւ կանոնների առաջարկներ այդ “երրորդ ուժից”, ինչպես հավանաբար ներկայում պայմանների կամ կանոնների առաջարկներ է ընդունում Կոնգրեսից: Այսինքն, իշխանությունը կարող է կիսել ընդդիմության խորհրդարանական “քվոտան” Կոնգրեսի եւ “երրորդ ուժի” միջեւ: Կամ էլ, իշխանությունը կարող է, օգտվելով “երրորդ ուժի” քիչ թե շատ առարկայական գոյության հանգամանքից, կոշտացնել վերջին շրջանում փափկած դիրքորոշումը Կոնգրեսի հանդեպ: Ինչ պետք է անի Կոնգրեսն այդ դեպքում, եթե հենց Կոնգրեսի առաջնորդի վերջին ելույթը տվյալ պարագայում տալիս է Կոնգրեսին արգելակող “մոգական” մի հարցի հիմք. “Բա Ադրբեջա՞նը”:
Այդ պարագայում, պարզ է դառնում, որ Կոնգրեսի համար “երրորդ ուժի” հեռանկարը իսկապես անհանգստացնող է եւ դրա դեմ պետք է պայքարել: Ու թեեւ Տեր-Պետրոսյանը հարթակից հաջողություն է մաղթում 3-րդ, 4-րդ եւ այլերորդ ուժերին, այդուհանդերձ ակնհայտ է, որ այդ ելույթից դուրս, Կոնգրեսի եւ նրա համակիրների իրական գործողությունները միտված են այսպես կոչված “երրորդ ուժի” հետ կապված ցանկացած բան անխնա վարկաբեկելուն եւ ծաղրելուն:
Մինչդեռ, այդ ամբողջի մեջ առաջանում է պարզ հարց. Արդյոք Կոնգրեսը եւ նրա առաջնորդը բացառում են, որ Հայաստանում կարող են լինել մարդիկ, ովքեր կունենան անհամաձայնություններ Կոնգրեսի մարտավարության կամ բովանդակային կողմի հետ, եւ կարող են փորձել ինքնուրույն նախաձեռնություններով հանդես գալ: Արդյոք չի կարող լինել այսպես ասած ազնիվ եւ անկեղծ “երրորդ ուժ”, որը չի ծառայում ինչ որ ստվերային ուժերի, Կոնգրեսի դեմ խարդավանքների եւ ինտրիգների:
Իհարկե, կասկած չկա, որ “երրորդ ուժի” պրոցեսի մասին դատողություններ անողների մի զգալի մասի բուն խնդիրը ընդամենը Կոնգրեսի “անիվները” ծակելն է, այն էլ ոչ թե երկրում իրավիճակի փոփոխության գործընթացի արդյունավետությունն ավելացնելու, այլ պարզապես անձնական կամ խմբակային ինչ որ շահ սպասարկելու նկատառումով:
Բայց, արդյոք Կոնգրեսի եւ նրա առաջնորդի համար այդպիսին են Կոնգրեսի եւ նրա առաջնորդի հանդեպ բոլոր “անհամաձայնները”: Որեւէ քննադատության, անհամաձայնության, կամ Կոնգրեսի մարտավարության, հաշվարկների եւ տրամաբանության շրջանակից դուրս ցանկացած “ինքնագործունեության” հանդեպ Կոնգրեսի եւ նրա ակտիվի վերաբերմունքը թողնում է հենց այդ տպավորությունը:
Արդյոք “անհամաձայնությունն” է “երրորդ ուժի” նրանց չափանիշը, կամ “անհամաձայնության” որ աստիճանն է այդ չափանիշը Կոնգրեսի եւ նրա առաջնորդի համար: Կան արդյոք այդպիսի չափանիշներ: Գուցե դրանք հրապարակվեն, որպեսզի հանրային եւ քաղաքական շրջանակները գիտենան, թե ով իրավունք ունի քննադատել կամ անհամաձայն լինել Կոնգրեսի հետ, թե ինչն է այդ անհամաձայնության կամ քննադատության մեջ ընդունվում որպես բանական փաստարկ, իսկ ինչը որպես “ծախու վայրահաչություն”, թե այդ քննադատության եւ անհամաձայնության սահմանը ինչքան է` երբ եւ մինչեւ ուր կարելի է քննադատել կամ անհամաձայն լինել, եւ երբ ու որտեղից պետք է դադարեցնել այն` “երրորդ ուժին” ուղղված կործանիչ հարվածի տակ չընկնելու համար:
Այդ չափանիշների սանդղակի հրապարակումը կնպաստի իրավիճակի օպտիմալացմանը. մի կողմից թույլ կտա շատ արագ եւ գրեթե մաթեմատիկական ճշգրտությամբ վեր հանել “երորրդ ուժին” եւ գանահարել “Տոմահավկի” ճշտությամբ, մյուս կողմից կօգնի, որպեսզի այլեւայլ թյուրըմբռնումներով հանրային թեկուզ չնչին շրջանակներում անգամ չաղավաղվի երկրի հիմնական ընդդիմության եւ առանցքային քաղաքական ուժի` Հայ ազգային կոնգրեսի ժողովրդավարահաճ եւ հանդուրժողական նկարագիրը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment