Tuesday, April 12, 2011

Ազգային ժողովն ընդունեց ռուսական ռազմաբազաների մասին արձանագրությունը

ՀՀ Ազգային ժողովն այսօր շարունակվող նիստի ժամանակ 80 «կողմ», 1 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց 2010թ. օգոստոսի 20-ին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրությունը:
1995թ. մարտի 16-ին ստորագրված պայմանագրում անցած տարի կատարված փոփոխություններով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում ռուսական ռազմաբազան՝ բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթներից՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:
Արձանագրությամբ նաև նախատեսվում է, որ Հայաստանի անվտանգության ապահովման համար Ռուսաստանը պետք է Հայաստանին ապահովի ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով: Արձանագրության մեկ այլ փոփոխությամբ՝ նախատեսվում է երկարացնել Հայաստանում գործող ռուսական ռազմաբազաների գործունեության ժամկետը՝ 25 տարուց դարձնելով 49 տարի:
Երեկ Ազգային ժողովում Արձանագրությունը ներկայացնելիս՝ Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել էր, որ նոր պայմանագրով՝ «ՀՀ տարածքում գտնվելու ընթացքում ռուսական ռազմաբազան՝ բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթներից՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»: Նա ընդգծել էր, որ նախկին ձևակերպումը ենթադրում էր Ռուսաստանի կողմից Հայաստանի՝ միայն նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմանների երկայնքով սահմանների պաշտպանություն:
«Նախատեսվող ձևակերպումն իր բնույթով հանդիսանում է ավելի չեզոք և արդեն որևէ տարանջատում չի մտցնում Հայաստանի Հանրապետության և հարևան երկրների միջև՝ դրանով իսկ վերացնելով գործող ձևակերպումից բխող այն եզրակացությունը՝ թե Թուրքիայից և Իրանից Հայաստանի Հանարապետության անվտանգության ապահովման խնդիրն առաջնահերթություն ունի: Այսինքն՝ նախատեսվող ձևակերպումն իր մեջ ներառում է ողջ Հայաստանի Հանրապետության անվտանգության պահովումը»,- ասել էր Արա Նազարյանը:

No comments:

Post a Comment