Tert.am. 12-4-2011- Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը մտահոգ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի հետ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի երեկվա հանդիպման մասին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության կապակցությամբ։Tert.am–ի հետ զրույցում Կարապետյանն ասաց, որ ինքը մտահոգ է մասնավորապես հաղորդագրության այն հատվածի առնչությամբ, որտեղ նշվում է, թե հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներ իրականացված համանախագահների դաշտային գնահատման առաքելության զեկույցի Ադրբեջանի կողմից աղավաղման և այդ փաստաթուղթը իր ռազմատենչ հռետորաբանությունն արդարացնելուն ծառայեցնելու փորձերի վրա:
«Վրդովմունք է առաջացնում Հայաստանի արտգործնախարարության տարածած մամուլի հաղորդագրությունը, ուր ազատագրված տարածքներ կամ պաշտոնապես` ԼՂՀ տարածքները ՀՀ ԱԳՆ–ն կոչում է ԼՂ հարակից տարածքներ»,– ասաց նա։ Կարապետյանի խոսքով՝ հարցեր են առաջանում, թե արդյոք ՀՀ ԱԳՆ–ն չգիտի՞, որ այդ տարածքները Սահմանադրությամբ ամրագրած են ԼՂՀ սահմաններում: «Ի՞նչ իրավունքով է ՀՀ ԱԳՆ–ն խախտում ԼՂՀ տարածքային ամբողջականությունը: Ինչո՞ւ է Հայաստանը օգտագործում տարածքները ի օգուտ Ադրբեջանի կանխորոշող ձևակերպում և ձեռնպահ մնում պաշտոնական հաղորդագրության մեջ նշել հայանպաստ ձևակերպում: Ինչո՞ւ ԼՂՀ ԱԳՆ-ն չի արձագանքում Հայաստանի նման պարտվողական կեցվածքին»,– նշեց Կարապետյանը։
Նա դատապարտելի համարեց այն հանգամանքը, որ հաղորդագրության մեջ բացակայում է Հայաստանի պահանջը ԵԱՀԿ համանախագահներին` այցելել Ադրբեջանի զավթած ԼՂ տարածքներ: ՀԱԿ ներկայացուցչի հիշեցմամբ՝ հայկական վերահսողության տակ գտնվող տարածքներում փաստահավաք առաքելություն թույլ տալու իր համաձայնությունը Հայաստանի արտգործնախարարությունը բացատրում էր այն հանգամանքով, որ այն շարունակվելու է նաև Ադրբեջանի կողմից զավթված տարածներում:
«Արդեն ութ ամիս է անցել այդ համաձայնությունից , և չկա որևէ նշան, որ Հայաստանի արտգործնախարարությունը հետամուտ է իր պահանջում: Ո՞րն է պատճառը, որ հանդիպման ընթացքում մենք չենք բարձրացնում այս հարցը»,– հարցադրում արեց Վլադիմիր Կարապետյանը։
No comments:
Post a Comment