Friday, May 6, 2011

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԲԱՆՏՈՒՄ

«ԱԶԳ», 06-05-2011- Երեկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հանդիպել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց զրույցը տեւել է մոտ մեկ ժամ: Հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին պատասխանելով, թե ինչու հիմա որոշեց այցելել Փաշինյանին, Տեր-Պետրոսյանն ասել է, թե հիմա մթնոլորտ է փոխվել, երկրում ուրիշ քաղաքական վիճակ է, եթե ավելի վաղ այցելության համար դիմեր, թույլ չէին տա. «Լուծվել են խնդիրներ, որոնք 3 տարի չէին լուծվում: Ես նկատի ունեմ ե՛ւ Ազատության հրապարակի արտոնումը հանրահավաքների համար, ե՛ւ մարտի 1-ի բացահայտման պաշտոնական հավաստիացումը, ե՛ւ քաղբանտարկյալների ազատ արձակման պրոցեսը, որը ավարտվելու է մայիսի 28-ին, ինչպես ես ասացի նախորդ հանրահավաքում: Գուցե մի քանիսը մինչեւ 28-ը դուրս գան: Այս ֆոնի վրա, բնականաբար, իմ խնդրանքը չէր կարող մերժվել»: Անդրադարձ անելով վերջին քաղաքական զարգացումներին` Տեր-Պետրոսյանը ընդգծել է, որ վերջին շրջանում իշխանությունների եւ հասարակության միջեւ բաց, հրապարակային, շարունակական երկխոսություն է ընթանում. «Պետք է գնահատել, ոչ թե ռեվերանսներ անել, խոսել ինչ-որ պայմանավորվածությունների մասին: Ո՛չ, գնում է բաց դիալոգ: Մենք մեր պահանջները, մեր խնդիրները, մեր ծրագրերը բաց ներկայացնում ենք իշխանություններին եւ հասարակությանը, եւ իշխանությունն էլ բաց պատասխաններ է տալիս դրան: Իհարկե` ոչ այնքան կոնկրետ եւ ուղիղ, ինչպես մենք ենք ասում, այլ ավելի մշուշապատ եւ այլն, բայց քայլեր են արվում, դա չի կարելի անտեսել», - նշել է նա: Վերջին հանրահավաքից հետո մասնակիցների մի մասի նստացույց անելու պահանջի մասով էլ ավելացրել է. «Ոչ մի բան էլ չի եղել, ժողովրդի մեծամասնությունը շատ ճիշտ հասկանում է այս ամբողջ պրոցեսը: Բնականաբար կան անհամբեր մարդիկ, պրոցեսը չհասկացող մարդիկ, որոնց թվում է, թե կարելի էր այլ ճանապարհով հարցեր լուծել: Ես վստահ եմ` այլ ճանապարհով մենք կկործանեինք բոլոր հարցերը»:

No comments:

Post a Comment