Friday, May 6, 2011

Ի՞նչ է, Հայաստանը հարևան չէ՞. Լիբանանահայ պատգամավորը պատասխանում է իր երկրի վարչապետին

HayNews.am. 6-5-2011- Լիբանանի վարչապետի պաշտոնակատար (կառավարությունը դեռ չի կազմվել) Նաջիբ Միքաթին, խոսելով Մերձավոր Արևելքում Թուրքիայի դերակատարության մասին, ասել է, թե «Թուրքիան կարևոր դեր է խաղում Մերձավոր Արևելքում: Մերձավորարևելյան խնդիրների կարգավորման հարցում Թուրքիայի դերն անփոխարինելի է:
Ի տարբերություն մերձավորարևելյան խնդիրների կարգավորման հարցում մյուս միջնորդ երկրների` Թուրքիան իր միջնորդական առաքելության ժամանակ «չի հետապնդում» որևէ սեփական շահ, և դա կազմում է Թուրքիայի քաղաքականության մի մասը, որը հիմնված է «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքի վրա»:
Մեկնաբանելով Նիքաթիի այս խոսքը, Լիբանանի խորհրդարանի անդամ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության փոխատենապետ Սեպուհ Գալփակյանը HayNews.am-ի հետ զրույցում նկատեց, որ «վերջին շրջանում Թուրքիայի դերակատարությունը դժբախտաբար ուռճացվում է»:
«Մենք ի սկզբանե կարծում էին, որ այն մեծացված դերը, որ տրվում է Թուրքիային, կասկածելի է: Լավ գիտենք, որ Թուրքիան վերջին հաշվով բարեկամ է ԱՄՆ-ին և Իսրայելին: Հակառակ մեր պնդումներին, շատերը պնդում էին, որ այդ երկիրը շարժվում է դեպի արաբական աշխարհ: Եվ այսօր, եթե նկատենք, Թուրքիան արդեն սկսել է խնդիրներ առաջացնել, արդեն իսկ իր հարաբերությունները Սիրիայի հետ վատթարանում են, որովհետև իր գլխավոր դաշնակիցները եղել և մնում են ԱՄՆ-ն ու Իսրայելը: Հնարավոր է, ինչ-որ հանգրվաններին Թուրքիան ձևացրեց, որ արաբական աշխարհի բարեկամն է` օգտվելով այն լարվածությունից, որ գոյություն ունի սուննի և շիա համայնքների միջև: Թուրքիան սուննի մուսուլմանական երկիր է, ուստի փորձեց իր հովանու տակ վերցնել Արաբական ծոցի երկրները, ինչպես նաև շտկել հարաբերություններն Իրանի հետ, սակայն այդ բեմականացումները երկար չեն կարող շարունակվել: Գալիք օրերին մենք կտեսնենք այդ երկրի իրական դիմագիծը»:
Ինչ վերաբերում է Լիբանանի վարչապետի գովերգած «զրո խնդիրներ» քաղաքականությանը, Սեպուհ Գալփակյանը նկատեց. «Այդ «զրո խնդիրների» մեջ պետք է Հայաստանն էլ լիներ, որի հետ Թուրքիան միակողմանիորեն փակել է սահմանն ու իրականացնում է թշնամական քաղաքականություն: Ի՞նչ է, Հայաստանն այդ հարևանների մեջ չի՞ մտնում»:
Լիբանանահայ խորհրդարանականի հետ զրուցեցինք նաև երկրի ներքաղաքական հարցերից: Նա նկատեց, որ վարչապետ Նիքաթին արդեն 3.5 ամիս է, ինչ չի կարողանում կառավարություն կազմել, իսկ նախկին վարչապետ Սաադ Հարիրիի կողմնակիցները, որոնց թվում է նաև Հնչակյան կուսակցությունը, հրաժարվում են մաս կազմել նոր կաբինետին:
«Այնքան ժամանակ, քանի դեռ երկրի կազմակերպությունների մոտ (ի նկատի ունի «Հըզբոլլահը») կա ապօրինի զենք, և չեն կատարվում միջազգային պայմանագրերը` հատկապես ՄԱԿ-ի դատարանի մասով (նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության հանգամանքները քննող մարմինը), ապա մեզ համար բացարձակապես անընդունելի է մաս կազմել այդ նոր կաբինետին: Ինչ վերաբերում է Նիքաթիին, ապա ինքն էլ առաջարկում է կազմել մասնագետների` տեխնոկրատ կառավարություն, քանի որ վախենում է ղեկավարել ծայրահեղական ուժերից կազմված գործադիր իշխանություն, որովհետև իր բիզնեսների մեծ մասը կապված է Արևմուտքի հետ»,-ասաց ՍԴՀԿ գործիչը:

No comments:

Post a Comment