Հոբելյանական տոնակատարությունների շարքի բացումը ավետող այդ հանդիսությանը ներկա են եղել Ավստրիայի պապական նվիրակ Փեթեր արք. Ցուրբրիգնը, Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի հայրապետական պատվիրակՙ Հայկազուն ծ. վրդ. Նաճարյանը, Վիեննայում ՀՀ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, վիեննական փոստի տնօրեն Վոլֆգանգ Լեսիաքը, հայ առաքելական եւ կաթողիկե համայնքների եւ միությունների ներկայացուցիչները:
Վիեննայի Մխիթարյան վանքի աբբահայր Պողոս Գոճանյանն իր բանախոսության ընթացքում անդրադարձել է հատկապես հայագիտության բնագավառում միաբանության կատարած բացառիկ դերին: Այնուհետեւ վիեննական փոստի տնօրենը ներկայացրել է գեղեցիկ նամականիշը, որի վրա պատկերված է մի շքեղ պահարանՙ Մխիթարյան վանքի գրադարանից:
Ցուցադրվել են նաեւ Հայաստանի կենտրոնական բանկի եւ ավստրիական դրամատան կողմից նույն հոբելյանի առիթով լույս ընծայված արծաթյա հուշադրամներ, ինչպես նաեւ վանքի ձեռագրերից մեկի նմանատիպը (ֆաքսիմիլեն):
Հոբելյանական գլխավոր հանդիսությունները տեղի են ունենալու Վիեննայի մայր վանքում սեպտեմբերի 10-ին եւ 11-ին, իսկ պետական մակարդակով Երեւանում նշվելու է հոկտեմբերին:
No comments:
Post a Comment