Tert.am. 21-7-2011- Ճանապարհների եւ խաչմերուկների վրա տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի տեղադրման արդյունքում ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների մի մասը ավտոմատ կկրճատվի: Այդ մասին այսօր` հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Նրա խոսքով` ազատված ավտոտեսուչները գործազուրկ չեն մնա, եւ ամենայն հավանականությամբ, համակարգում այլ աշխատանք կստանան:Սարքերի տեղադրման աշխատանքները պետք է իրականացնի շվեդական Sensis Trafik կազմակերպությունը` սեփական միջոցներով:
Պայմանագիրը կնքված է 25 տարով, ներդրումների չափը պետք է կազմի 9.8 մլն եվրո: Շվեդական ընկերության մասնագետներն էլ կիրականացնեն սպասարկումը: Այսինքն` սարքը կֆիքսի ավտոմեքենայի համարը, խախտման տեսակը, ու բոլոր տվյալները կուղարկի համապատասխան տեսուչին, որն էլ կտրոնը կներկայացնի խախտումն իրականացրած ավտոմեքենայի տիրոջը: Այսպիսով, ըստ Օսիկյանի, կոռուպցիոն ռիսկերը գործնականում կվերանան:
Շվեդական ընկերությունը որպես փոխհատուցում կստանա գանձված տուգանքների 70 տոկոսը` մինչեւ ներդրումների գումարը ամբողջությամբ վերադարձվի: Այնուհետ բյուջեի հետ հարաբերությունները կկարգավորվեն 50/50 սկզբունքով: Ըստ Օսիկյանի` լավագույն դեպքում տուգանքների ընդհանուր չափը կկազմի տարեկան 200 մլն դրամ:
No comments:
Post a Comment